Հայաստանի Հանրապետության տոնացույցը Մայիսի 8-ին ազդարարում է երկիր պահող ու պաշտպանող մարդկանց՝ Երկրապահի օրը:
Մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում հայ ժողովրդի զավակները ստանձնեցին հայրենիքի պաշտպանության գործը՝ դառնալով ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու հրամանատար, կանգնելով մեր բանակի ստեղծման ակունքներում:
Հարգարժան երկրապահներ, դուք լավ գիտեք խաղաղության գինը․ դուք այն նվաճել էք զենքով ու հավատով, անձնուրաց պայքարով ու կյանքի գնով:
Այդ պայքարի ճանապարհին ունեցանք անդառնալի ու թանկ կորուստներ։ Մեր խոնարհումը այն հայորդիների հիշատակին, որոնք նահատակվեցին հայ ժողովրդի ապրելու իրավունքը նվաճելու ճանապարհին:
Այսօր էլ՝ երկրապահները կրկին իրենց փորձառությամբ ու հայրենապաշտությամբ սովորեցնում են լինել միաբան ու համախմբված, իրենց անցած ուղով տալիս են հայրենապաշտության դասեր, իսկ երկրապահ կամավորական միությունները դարձել են հայրենասիրության դարբնոց նոր սերնդի ու երիտասարդների համար:
Հարգելի երկրապահներ, երկրի հոգս ու խնդիրներով ապրող մարդիկ
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, ապահով և արժանապատիվ կյանք, քանի որ ձեր կյանքով ու պայքարով բազմիցս եք ապացուցել, որ երկիրն ուժեղ է և անպարտ հայրենասեր և անձնուրաց տղաների շնորհիվ, որոնք այս երկրի տերն են ու պաշտպանը, երկիրը շենացնողն ու պահողը։ Ձեր նահատակված ընկերների, մեր հերոս տղաների կյանքի գնով նվաճված խաղաղությունը բոլորիս պաշտպանության կարիքն ունի:
Այսօր, քան երբևէ, մեր միասնականությամբ և հստակ դիրքորոշմամբ պիտի ամրապնդենք մեր երկրի խաղաղությունն ու կայունությունը՝ խաղաղությունը դարձնելով կենսակերպ ու ամենօրյա աշխատանք:
Հարգարժան երկրապահներ
Ձեր և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, արևշատություն, կենսունակություն, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք:
