Սևան համայնքում մարզային մաքրության օրն անցկացվեց «Մաքուր Սևան» կարգախոսով:

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներին միավորել է մարզային մաքրության և բարեկարգման օրը։Սևան համայնքում այն անցկացվեց «Մաքուր Սևան» կարգախոսով:

Առավոտից Սևան քաղաքում և համայնքի բոլոր բնակավայրերում մարդիկ շտապում էին բակ ու փողոց, բոլորին միավորել էր գարնանային մաքրության օրը։

Կրթական հաստատությունների ուսուցիչներն ու աշակերտները, առողջապահական կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքում գործող ընկերությունների, ծառայությունների, ստորաբաժանումների աշխատակիցներն ու բնակիչները, նախապես իրենց ամրակցված տարածքներում, իրականացրին մաքրության, աղբահանության աշխատանքներ:

Աշխատանքներին ներգրավվել է համայնքում գործող յոթտասնյակից ավելի կազմակերպություն, շուրջ 4000 մարդ: Օգտագործվել են շուրջ 15 միավոր տեխնիկա, 250-ից ավելի գործիքներ:

Համայնքում իրականացվող շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային հանձնախումբը, որի անդամները դեռևս օրեր առաջ առանձնացրել էին մաքրության տարածքները` համապատասխան սխեմաներով, նշանակվել էին պատասխանատուներ՝ ըստ բնակավայրերի և տարածքների, ծանուցագիր-հիշեցումներ էին ուղարկվել կազմակերպություններ, հաստատություններ, իրականացվել էին իրազեկման աշխատանքներ:

Իրականացված աշխատանքներն ընդգրկեցին նաև այն տարածքները, որտեղ աղբի առավել մեծ կուտակումներ կային. աղբահեռացմանը հաջորդեց այդ տարածքների հարթեցումն ու բարեկարգումը:

«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացրին հավաքված աղբի՝ աղբավայր տեղափոխելու, ներգրավված տեխնիկայի միջոցով տարածքներն ալվելու, հարթեցման աշխատանքները, որը կշարունակվի նաև առաջիկա օրերին:

Մաքրության հերթական օրը վկայում է, որ այն կենսակերպ դարձնելու գործում կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ:

Սևանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում այն հաստատություններին, կազմակերպություններին, ընկերությունների աշխատակիցներին, բնակավայրերի պատասխանատուներին և ներկայացուցիչներին, որոնք ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, քաղաքացիական մեծ պատասխանատվություն։