ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ  ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սևան համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ

2026 թվականի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը միաժամանակ խնկարկումի, միասնակության, պահանջատիրության օր է:

Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ամենասարսափելի ոճրագործությունը խլեց 1.5մլն. հայի կյանք, հային դարձրեց տնավեր ու պանդուխտ, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել հավատը, հայ ժողովրդի ինքնությունը:  

Հայ ժողովուրդն անցել է դժվարին ու փորձություններով լի ճանապարհ, սակայն ուժ է գտել ապրելու, պայքարելու: Դժոխքից մահապուրծ փրկվածները սփռվել են աշխարհով մեկ, պահպանել իրենց ինքնությունը,   զավակներ ունեցել, իրենց հավատով ապրեցրել հային:  

Գլուխ խոնարհելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ, ծաղիկներ խոնարհելով սրբադասված նահատակների հուշակոթողներին ու հուշախաչքարերին՝ կրկին վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ վառ պահել հիշողությունը, լինել պահանջատեր ու այդ ճանապարհին կարևորել միասնականության գաղափարը:   

111 տարի անց էլ չի փոխվում մեր օրակարգը. ձեռքը դրած աշխարհի խղճի զարկերակին՝ թույլ չտալ նոր ցեղասպանությունների, անդադար հիշեցնել մարդկության դեմ գործած ոճրագործության մասին:

Աշխարհի առաջադեմ մարդկությունը և համայն հայությունը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որը նաև ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման ևս մեկ ազդեցիկ հնարավորություն է:

111 տարի անց էլ մեր չմարող հիշողությունը մեզ հետ է, և այդ հիշողությունը պահանջում է` Ապրիլի 24-ի խորհուրդը պետք է դառնա զգոնության կոչ՝ համախմբելով բոլորիս համազգային արժեքների ու ինքնության շուրջ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ գործընթացը՝ չնահանջելով իր ընտրած ճանապարհից:

Օրը կրկին միավորել և բռունցքել է հայ ժողովրդին և առաջադեմ մարդկությանը, որոնք իրենց խոնարհումն ու խնկարկումն են բերում  1915թվականի սրբադասված զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ի խորհուրդն է՝ դառնալ առավել միասնակամ և համախմբված, շարունակել ճշմարտության և արդարության վերականգնման ուղին, կառուցել և հզորացնել մեր երկիրը` հանուն մեր նահատակների ու բոլոր ժամանակներում հերոսացած զավակների, ստեղծել արժանապատիվ  ու արժանավայել ապագա, պաշտպանել մեր ինքնությունն ու իրավունքները՝ վերահաստատելով մեր ձգտումները, խաղաղ ու անվտանգ հայրենիք ունենալու արդարացի պահանջը, հայրենիք-պետություն կերտելու ազգային նպատակին հավատարիմ՝ խաղաղությունը դարձնել կենսակերպ, ամենօրյա աշխատանք ու հայ ժողովրդի հարատևության երաշխավոր: