Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը ավագանու անդամների կողմից հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց հաղորդագրություն 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ:

Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի 2026թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների (վարչական և ֆոնդային բյուջեները միասին) պլանը կատարվել է 90,9%-ով (պլան` 817381,9 հ․դրամ, փաստացի՝ 742863.0 հազ․ դրամ), թերակատարումը կազմել է 74518,9 հազ. դրամ կամ 9,1 տոկոս։

Վարչական բյուջեի պլանը (ճշտված) կազմել է 604881,9 հազ․ դրամ, որի դիմաց որպես սեփական եկամուտ հավաքագրվել և պետական բյուջեից դոտացիա է ստացվել 663041,9 հազ․ դրամ, կատարողականը կազմել է 109,6 % , առկա է 58 160,0 հազ. դրամ եկամուտների գերակատարում։

Զեկուցողը ներկայացրեց կատարողականը՝ ըստ եկամտային և ծախսային բաղադրիչների:
Սևան համայնքի ավագանին ընդունեց ի գիտություն ներկայացված հաղորդագրությունը:

Ներկայացված մյուս հարցի վերաբերյալ, այն է՝ հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համայնքի ավագանին ընդունեց համապատասխան որոշում:
Սևան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված բոլոր հացերի վերաբերյալ կայացվեցին որոշումներ:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսից համայնքում աղբահանությունն իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով:

Աղբահանության մասով առկա գլխավոր խնդիրը վերաբերում է աղբահանության դիմաց գանձվող վճարներին: Ֆիզիկական, իրավաբանական անձինք, տնտեսվարող սուբյեկտներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն ժամանակին և ամբողջապես, որն էլ համայնքի ներկայանալի, մաքուր տեսքի երաշխիքներից է:

Համայնքի ղեկավարը միաժամանակ նշեց, որ, պայմանավորված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներով, աղբահանության վարձավճարների բարձրացում ընթացիկ տարում ևս չի կատարվել, սակայն բնակիչներն էլ պետք է ցուցաբերեն պատասխանատու վերաբերմունք և ժամանակին վճարեն աղբահանության դիմաց գանձվող վճարները:
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը զեկուցվեցին աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանի և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանի կողմից:
Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացան սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:
Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց Սևան համայնքում մեկնարկող սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին, մասնավորապես նշեց, որ համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել են Սևանի ճանապարհների նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Տարվա ընթացքում նախատեսված է մի շարք ծրագրերի իրականացում, որոնք ընդգրկում են համայնքի բնակավայրերը և ներառում են մի շարք ոլորտներ:
Համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին:
