Նոյեմբերի 10-ին լրանում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-րդ ամյակը: 1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր:
Անցած տասնամյակների ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակի թելադրած և իրավիճակով պայմանավորված փոփոխություններ, կատարելագործվել է, անցել հաջողությունների և բարեփոխումների տեսանելի ուղի:
Համայնքները պետության հենասյուններն են, իսկ ՏԻՄ համակարգն այդ հենասյան առանցքը, որը ժամանակի փոփոխությունների ուղղակի կրողն ու արձագանքողն է, ժողովրդավարության իրական հիմքը:
Շուրջ երեքտասնամյակ այս համակարգը բնականոն գործունեությանը զուգահեռ կերտել է պատմություն, որը պետության կառավարման համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է:
Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի լավարկումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը, մասնակցային կառավարման գործիքակազմերի, համայնք-բնակիչ կապի ապահովումը:
Ապակենտրոնացման գործընթացը տարեցտարի ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկվում են համայնքների կարողություններն ու ներուժը, ներդրվող ծրագրերի շնորհիվ բացահայտվում են համայնքների ներուժն ու կարողությունները, իսկ համագործակցային աշխատանքի արդյունքում ավելանում են հնարավորությունները:
Մենք ապրում և աշխատում ենք բարդ, պատասախանատու ու դժվարին ժամանակաշրջանում` ամեն օր հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, ու քաջ գիտակցում, որ համայնքի դիմագիծը ձևավորվում են տեղական ինքնակառավարման համակարգում ծառայություն իրականացնող մարդիկ։
Մասնագիտական ու կադրային ռեսուրսի առումով համայնքներն ավելի են հզորացել, ընդլայնվել է ծառայությունների մատուցման գործիքակազմը:
Կարծում եմ` այս համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր աշխատակից ունի կամք ու համապատասխան գիտելիքներ, նվիրվածություն և համբերատարություն` լուծելու այն բազմաթիվ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, կիսելու համայնքի բնակիչների հոգսերն ու խնդիրները:
Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է՝ ի մի բերելու անցած տասնամյակների գործունեությունը, նորովի մոտենալու խնդիրներին ու դրանց լուծմանը, խոսելու հեռանկարների ու հնարավորությունների մասին:
Երեքտասնամյակի շեմին կանգնած համակարգն իր կենսունակությամբ ապացուցում է, որ երկիրն ու պետությունը ուժեղ են համայնքներով, որոնք կառավարման հենասյուներն են և զարկերակները:
Համակարգի կատարելագործման ճանապարհին անհրաժեշտ պայման է, որպեսզի մեր բնակիչները կանգնեն տեղական ինքնակառավարման մարմինների կողքին, և փոխադարձ վստահության, փոխըմբռնման պայմաններում կարողանանք զարգացնել ու շենացնել մեր համայնքները:
Տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներին, Սևան համայնքի ավագանու անդամներին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմին, միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի աշխատակիցներին:
Ես գնահատում ու կարևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքն ու ջանքերը, մասնագիտական ու մարդկային որակները, ձեր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը համայնքային կյանքի որակն առավել լավը դարձնելու ուղղությամբ:
Մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, նվիրվածություն ու նպատակասլաց աշխատանք, արևշատություն և առողջություն, հաստատակամություն և պետականամետ գործունեություն, որոնք այնքան անհրաժեշտ են մեր հետագա քայլերի ու գործողությունների իրականացման ճանապարհին, մեր համայնքի զարգացման գործում։
Հարգելի գործընկերներ
Վստահ եմ` յուրաքանչյուրդ ձեր տեղում և ձեր լիազորությունների շրջանակներում այսուհետ էլ շարունակելու եք ձեր պատվաբեր ու պատասախանատու ծառայությունը հանուն Սևանի և սևանցու, հանուն մեր համայնքի կայուն զարգացման և առաջընթացի, հանուն մեր պետության բարօրության:
