Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Հունիսի 25-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։

Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը:

Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին:

Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին:

Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական զննություն։ Իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։


Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ:






Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ միաժամանակ նորակոչիկներին փոխանցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը, Սևանի տարածքային զինվորական կոմիսար Նաիրի Խաչատրյանը, Սևանի համայնքապետարանի ԿԳՄՍԵ բաժնի պետ Նարինե Հարությունյանը՝ միաժամանակ նորակոչիկներին փոխանցելով Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղերձը, նույն բաժնի գլխավոր մասնագետ, զինվորի մայր Աննա Մովսիսյանը։



Ներկաները օրվա առիթով շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին՝ հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։



Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավնդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ:
Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով: