Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գրենոբլ քաղաքի պատվիրակությունը՝ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ, շրջայց կատարեց համայնքի մի քանի բնակավայրում, հաստատություններում, որտեղ Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում իրականացվել են ոլորտային մի շարք ծրագրեր:
Կանգառ 1-ին
Այցի առաջին հասցեն Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրն էր, որտեղ իրականացվել է բուժակ–մանկաբարձական կետի (ԲՄԿ) համար նախատեսված տարածքի վերանորոգում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից՝ Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրի շրջանակներում:
Բուժամբուլատորիան հիմնանորոգվել է երկու փուլով, որը ներառել է շինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի տեղադրում, համալրվել է առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով:
Այս ծրագրի արդյունքում բնակիչների համար առաջնային բուժօգնությունը դարձել է առավել հասանելի, միջավայրը՝ հարմարավետ:
Գործընկերները շրջեցին վերանորոգված տարածքում, մտքեր փոխանակեցին արդեն իսկ իրականացված ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ:
Կանգառ 2-րդ
Այցի 2-րդ հասցեն Գեղամավան բնակավայրն էր, որտեղ վերանորոգվել է բուժակ–մանկաբարձական կետը (ԲՄԿ): Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ տեղադրվել է ջեռուցման համակարգ, ԲՄԿ-ն համալրվել է առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:
Ֆրանսիացի գործընկերները ծանոթացան կատարված աշխատանքներին, հայ գործընկերների հետ քննարկեցին բնակավայրին վերաբերող որոշ հարցեր:
Կանգառ 3-րդ
Այցի մյուս հասցեն Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակն էր:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ 2023թվականին մեկնարկել և 2025 թվականի հունիս ամսին վերջնագիծը կհատի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցումը:
Գրենոբլի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ և երաժշտական դպրոցի դասասենյակներից մեկը կահավորել է՝ տրամադրելով դաշնամուր, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, սեղան և աթոռ:
Ինչպես նկատել էր հանդիպման ժամանակ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Երաժշտական նորակառույց դպրոցի՝ Գրենոբլի աջակցությամբ կահավորված դասարանը, միշտ հիշեցնելու է մեր բարեկամ Գրենոբլի ներկայությունը ոչ միայն երաժշտական դպրոցի այդ անկյունում, այլ նաև համայնքում:
Կանգառ 4-րդ
Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզը ևս ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի շահառուներից է: Մանկան այս օջախն առաջինն է, որտեղ հիմնանորոգվել է բուժկետը, կահավորվել, ինչպես նաև տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ:
«Բողբոջ»-ում հյուրերին դիմավորեցին ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցները, այլ նաև Սևանի բազմագործառութային քոլեջի արևային վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում, սպասարկում բաժնի ուսանողները, Արփի Սոլար ընկերության ներկայացուցիչները:
Ի թիվս իրականացված աշխատանքների, նախատեսվում է մանկապարտեզում ևս մեկ արևային ջրատաքացուցիչի տեղադրում խոհանոցի համար:
Ֆրանսիացի գործընկերները շփվեցին նաև փոքրիկների հետ, ծանոթացան նրանց առօրյային, մանկապարտեզում նախատեսվող ծրագրերին:
Կանգառ 5-րդ
Այցի հաջորդ հասցեն Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատն էր: Ֆրանսիացի գործընկերներին հետաքրքրում էին պալատի հնարավորությունները, ինչպես նաև դահլիճի հետ կապված որոշ տեխնիկական հարցեր:
Հայ գործընկերների հետ քննարկումները համատեղվում էին նախնական պայմանավորվածություններով, նոր ծրագրերի ուրվագծումներով:
Առաջիկա ծրագրերի վերաբերյալ երկու քաղաքների 1-ին դեմքերը ձեռք բերեցին պայմանավորվածություններ:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը վստահեցրեց, որ Սևան-Գրենոբլ համագործակցությունը հավակնում է դառնալ լավագույն օրինակ արդյունավետ և նպատակասլաց գործընկերության:
«Այս հանդիպումն էլ ևս մեկ ազդակ է, որ նույն հարթակի վրա պետք չէ մնալ, անհրաժեշտ է առաջ շարժվել, որդեգրել նոր մոտեցումներ` հիմնված համագործակցային նոր չափանիշների վրա` ի շահ հայ-ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության, ի բարօրություն Սևան և Գրենոբլ քաղաքների բնակիչների»,- այցն այսպես ամփոփեց պարոն Մուրադյանը:
Հագեցած և բազմաշերտ օրակարգը հնարավորություն տվեց, որպեսզի ֆրանսիացի գործընկերները ոչ միայն տեղում ծանոթանան 21-ամյա ապակենտրոնացված համագործակցության ընթացքում իրականացված նշանակալի ծրագրերին, այլ նաև վայելեն Սևանի զբոսաշրջային գրավչությունները, այցելեն մի շարք տեսարժան վայրեր:
Տեղեկացնենք, որ հունիսի 4-ի առավոտյան Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ պատվիրակությանը հյուրընկալել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Պատվիրակության կազմում էին միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզը, քաղաքապետի կաբինետի տնօրեն Օդիլ Բառնոլան, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Օղելի լը Մողը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ռիշար Կզավյեն, Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ Նատյուրելը, առողջապահական ծրագրերի օպերատոր «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի ներկայացուցիչ Ժան Կլոդ Ռոսսեն և ծրագրերի համակարգող Յասմինա Տոմեն: