Հունիսի 2-ին Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ սպորտլանդիա: Երեխաները նախ ներկայացրին, թե ինչքան կարևոր է մաքուր պահել շրջակա միջավայրը, այնուհետև խաղ-մրցույթի միջոցով կարողացան տեսակավորել աղբը: Սպորտլանդիան ուներ ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջ ապրելակերպով զբաղվելու խորհուրդ: Սպորտլանդիան համատեղել էր բնապահպանական և առողջ ապրելակերպի բաղադրիչները, որոնք հնարավորություն ընձեռեցին փոքրիկներին համադրելու հաճելին և օգտակարը:





ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված ի թիվս Սևան համայնքում նախատեսված մեկտասնյակից ավելի միջոցառումների և նախաձեռնությունների, անցկացվել է նաև նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների և երիտասարդների համար: Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է նկարչական թեմատիկ աշխատանքներ, որոնց գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նկարչական աշխատանքների հապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը: Հունիսի 9-ին կներկայացվեն մրցանակակիր 3 լավագույն աշխատանքները:





Հունիսի 3-ին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում, «Դդմաշենի վիքիակումբ» կրթական ծրագրի շրջանակներում, ստեղծվել են թեմատիկ նյութեր «Ազատ բովանդակությամբ հոդվածների ստեղծում կայուն և վերականգնվող էներգիայի, էներգիայի արդյունավետ օգտագործում» թեմաներով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում «Դդմաշենի վիքիակումբ» կրթական ծրագրի սաները Վիքիպեդիա առցանց ազատ հանրագիտարանում ստեղծել են մի քանի տեղեկատվական հոդվածներ «Էներգետիկ շրջադարձ», «Էներգաարդյունավետություն», «Կայուն տրանսպորտ կամ կանաչ տրանսպորտ», «Հիդրոէներգիա», «Էներգախնայողություն» թեմաներով, որոնք տեղեկություն են հայտնում կայուն էներգիայի մասին: «Դդմաշենի վիքիակումբ» կրթական ծրագրի սաները ներկայացրին, թե ինչ է վերականգնվող և չվերականգնվող էներգիան, ինչ է արևային էներգիան, ինչպես կարելի է ստանալ էներգիա արևի ջերմությունից, ինչպես նաև լուծեցին կայուն էներգիայի թեմայով խաչբառ: Ցուցադրվեց նաև էներգախնայողության մասին ուսուցողական տեսանյութ, ինչին հետևեց «Դդմաշենի վիքիակումբ» կրթական ծրագրի սաների ներկայացրած էներգախնայողության տվյալները:




Սևան համայնքում մայիսի 10-ից անցկացվում են ԵՄ Կայուն էներգիայի օրերը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման: