ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ:

Իմ փոքրիկ  բարեկամներ,  սիրելի երեխաներ

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Ամռան առաջին օրը նշելով այս կարևոր ու պարտավորեցնող տոնը՝ միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը յուրաքանչյուր երեխայի շահերի և իրավունքների  պաշտպանության  գործում։

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ու երաշխավորում ենք մեր լիարժեք ու ներդաշնակ ապագան:

Երեխաների նկատմամբ հոգածությունն սկսվում է ընտանիքից, որի սահմաններն ընդլայնվում են հասարակության մեջ՝ նախադպրոցականից մինչև հանրակրթական և արտադպրոցական  հաստատություններ: Այս շղթան չկտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում, մեր լիազորությունների շրջանակում նպաստենք յուրաքանչյուր երեխայի իրավունքի իրացմանը:

Այս ճանապարհին պետք է միավորվեն բոլորի ջանքերը՝ ստեղծելով բարենպաստ միջավայր երեխաների մանկությունն առավել ներդաշնակ, ապահով, անվտանգ  դարձնելու համար:

Այսօր հնչող բազմաթիվ ցանկություններից ու բարեմաղթանքներից գերական թերևս այն  է, որ յուրաքանչյուր երեխա ապրի ու մեծանա ընտանիքում,  դաստիարակվի ջերմ և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում, հնարավորություն ունենա իրացնելու  իր իրավունքները,  լինի սիրված ու գնահատված ընտանեկան միջավայրում:

Չմոռնանք, որ մեր երեխաները մեր ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիքն ունեն, որոնք իրողություն դարձնելու համար համայնքում իրականացնում են ամենօրյա աշխատանք, կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր։

Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, մշակութային, սպորտային, արտադպրոցական կազմակերպություններում արվում է հնարավորը, որպեսզի մեր փոքրիկները, երեխաները լինեն մշտական ուշադրության կետրոնում, ստանան անհրաժետ գիտելիքներ, խնամք, հմտություններ և կարողություններ՝ ապահովելով նրանց  լսված և պաշտպանված լինելու իրավունքը:

Սևան համայնքի փոքրիկ ու պատանի բնակիչներ

Դուք  ջերմություն եք, լույս ու սեր ու միաժամանակ ունեք ջերմության, սիրո ուշադրության կարիք, խաղաղ ապահով ներդաշնակ մանկություն ունենալու իրավունք, որի պատասխանատուն  մեծահասակներն են:

Մենք վայելում ենք մեծագույն բերկրանք ձեր մանկական անմիջականության, պատանեկան թրթիռի, ձեր հոգու գույների ու լույսերի,  ձեր ներկայության շնորհիվ:

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ մեր երեխաներին՝ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Սիրելի երեխաներ

Ցանկանում եմ, որ միշտ  շրջապատված լինեք ձեր ծնողների ու հարազատների սիրով,  վայելեք առողջ, խաղաղ ու անհոգ մանկություն` ձեր ընտանիքներին պարգևելով անսպառ երջանկություն, ձեզանով իրենց կյանքն իմաստավորելու անսահման բերկրանք: