Տեղական ընտրությունները միայն քվեարկության օրն ու ընտրատեղամասում կատարվող գործընթացները չեն։ Տեղական ընտրությունները որոշում են համայնքի հետագա զարգացումը և այն, թե որքանով են լուծվելու մարդկանց հուզող խնդիրները։
Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված իրենց ընտրության հարցում, ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրված իշխանությունից, և ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վստահության ամրապնդմանը։
Այս հարցերն էին Հայաստանի տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ 2026 թվականի հոկտեմբերի 4-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինն կատարած մեդիա-ուսումնական այցի առանցքում։ Այցը կազմակերպել էր «Մասնագետների միջազգային գործընկերության ցանցը» (PractNet)՝ որպես ս/թ հուլիսին անցկացված տարածաշրջանային մեդիա-սեմինարի շարունակություն, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ժողովրդավարական կայունության պաշտպանություն. ռազմավարական հաղորդակցություն և արձագանքում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտություններին (FIMI)» ծրագրի շրջանակներում։

Այցի նպատակն էր հայ լրագրողներին ծանոթացնել ընտրությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման էստոնական փորձին, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման և դրանց հակազդման մեթոդներին։

Տալլիննում ուսումնասիրված փորձի և Հաապսալու քաղաքի օրինակների համադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու, թե ինչպես են տարբեր երկրներում ընկալվում ընտրողի դերը, համայնքային խնդիրները, ԶԼՄ-ների դերը ընտրական գործընթացներում և քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։
Ո՞ր խնդիրն է ամենակարևորը․ Սևանից մինչև Էստոնիա՝ Հաապսալու քաղաք
Սևանում․
Սևան համայնքում, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ խոշորացված համայնքներում, առանցքային խնդիրներից են բնակավայրերի համաչափ զարգացումը, երիտասարդների համար ժամանցի ու զբաղվածության միջավայրերի ստեղծումը, ինչպես նաև ենթակառուցվածքների որակի բարելավումը (խաղահրապարակներ, կանգառներ, բնակավայրերում ժամանցի կենտրոններ):

Էստոնիա․ Հաապսալույում

Հաապսալուն առողջարանային քաղաք է Բալթիկ ծովի ափին։ Նաև որպես ծովափնյա հանգստի քաղաք, բնականաբար այս առումով Սևան քաղաքի նման ունի զարգացման շատ մեծ պոտենցիալ։

Էստոնիայի Հաապսալու քաղաքի քաղաքապետ Օլավի Սեյսոնենի դիտարկմամբ (մեզ հետ հանդիպման էր եկել հեծանիվով)՝ երկրի և համայնքների համար ամենալուրջ մարտահրավերը ժողովրդագրական խնդիրն է․

«Կարծում եմ՝ ամենակարևոր հարցը ողջ Էստոնիայի համար (ինչպես նաև Հաապսալուի համար) այն է, որ բնակչության թիվը նվազում է: Մենք բավարար թվով մարդիկ չունենք այստեղ՝ Հաապսալուում, ինչպես նաև նվազում է էստոնացիների ընդհանուր թիվը: Այնպես որ, մենք պետք է զբաղվենք դրանով, որպեսզի մեր պետությունը պահպանվի հարյուրավոր տարիներ»,-նշեց Հաապսալու քաղաքի քաղաքապետը:

Չնայած խնդիրների տարբեր բնույթին՝ երկու դեպքում էլ նպատակը մեկն է․ ստեղծել այնպիսի համայնքային միջավայր, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել, արարել և չհեռանալ։
2. Ինչո՞ւ պետք է քաղաքացին մասնակցի ընտրությանը
Ընտրություններին մասնակցելը միայն քաղաքացիական պարտականություն չէ, այլ սեփական համայնքի ապագան ձևավորելու հիմնական գործիքը: Հաապսալուի քաղաքապետը շեշտում է ընտրությանը մասնակցելու բարոյական ու քաղաքացիական պատասխանատվությունը․
«Ես քվեարկել եմ բոլոր ընտրություններում՝ սկսած այն պահից, երբ այդ հնարավորությունն ունեցել եմ։ Եվ կարծում եմ՝ պատճառն այն է, որ եթե դուք դա չեք անում, ապա իրականում իրավունք չունեք որևէ բան ասելու այն մասին, թե ինչն է լավ կամ վատ ընթանում ձեր երկրում։ Որովհետև, երբ քվեարկել եք այս կամ այն կերպ, դուք փոփոխություն անելու հնարավորություն եք ունեցել։ Իսկ երբ չեք օգտագործել այդ հնարավորությունը և հետո պարզապես դժգոհում եք, դա ճիշտ քայլ չէ»:

3. Ի՞նչ է ակնկալում քաղաքացին իշխանությունից
Թե՛ Հայաստանում և թե՛ Էստոնիայում քաղաքացիների ակնկալիքները հաճախ վերաբերում են առօրյա կյանքի որակին և սոցիալ-տնտեսական կայունությանը:
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են ակնկալում քաղաքացիները, կարծում եմ՝ նրանք ակնկալում են շատ պարզ բաներ․․․ ավելանում է աղքատության կամ հարաբերական աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը, որովհետև ապրանքների գներն ու մարդկանց եկամուտները նույն հավասարակշռության մեջ չեն։ Կարծում եմ՝ մարդիկ պարզապես կցանկանային ավելի լավ հոգալ իրենց ամենօրյա կարիքները․ սա է այն հիմնական բանը, որի կարիքն իրոք ունեն», — նշում է Հաապսալուի քաղաքապետը:

4. Ընտրություններից հետո․ ո՞րքանով է ընտրված թեկնածուն հետևում խոստացված ծրագրերին
Շատ հաճախ քաղաքացիների մոտ հիասթափություն է առաջանում, երբ նախընտրական խոստումներն ու հետընտրական իրականությունը չեն համապատասխանում: Այս երևույթին անդրադառնալով՝ էստոնացի պաշտոնյան պարզաբանում է, որ քաղաքականության մեջ հանգամանքներն ու իրավիճակները կարող են փոխվել․
«Երբեմն տեսնում ենք, որ այն բաները, ինչ քաղաքական գործիչներն ասում են, թե կանեն, իրոք անում են։ Բայց չէի ասի, թե դա միշտ այդպես է։ Ավելի հաճախ հանգամանքները կարող են փոխվել․․․ Երբ տարիներն անցնում են կամ նոր տեղեկատվություն է ի հայտ գալիս, նրանք տեսնում են, որ այն գաղափարները, որոնք լավագույնն էին թվում տվյալ պահին, ճիշտ չէին հաջորդ փուլերում։ Եվ նրանք ստիպված են լինում անել բաներ, որոնք սկզբում ասում էին, թե չեն անի։ Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այն, ինչ ասում ենք ընտրություններից առաջ, նույնությամբ անենք ընտրություններից հետո, բայց երբեմն ստիպված ես լինում փոխել կարծիքդ տարբեր թեմաների շուրջ»:
5. Մասնակցային բյուջետավորում․ Սևանն ու Հաապսալուն նույն հարթակում
Ընտրություններից զատ՝ քաղաքացուն համայնքի կառավարման կենտրոնում պահելու լավագույն գործիքներից է մասնակցային բյուջետավորումը, որը թույլ է տալիս բնակիչներին ուղղակիորեն որոշել, թե համայնքային բյուջեի մի մասը ո՞ր նախագծերի վրա պետք է ծախսվի:

- Սևան համայնքում արդեն երկրորդ տարին է, ինչ հաջողությամբ իրականացվում է մասնակցային բյուջետավորման ծրագիրը: Այս տարի ծրագրի շրջանակում իրականացվում է 4 կարևոր նախագիծ գյուղական բնակավայրերում․
- Դդմաշենում շուտով կտեղադրվեն նոր ու հարմարավետ կանգառներ,
- Ծաղկունքում հիմնանորոգվում է տարածք՝ երիտասարդական կենտրոնի համար,
- Գեղամավանում կառուցվում է ժամանցի կենտրոն,
- Վարսերում ընթանում է նոր խաղահրապարակի կառուցում։




Սևանում մասնակցային բյուջետավորման առցանց քվեարկության կարգը նաև հասանելիության հարց է առաջացնում։ Համայնքապետարանի հրապարակած հայտարարության համաձայն՝ քվեարկության համար անհրաժեշտ էր նույնականացում անցնել նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Այս եղանակների կիրառումը կարող է դժվարություն առաջացնել այն բնակիչների համար, որոնք չունեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կամ բավարար թվային հմտություններ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ այլընտրանքային աջակցություն է նախատեսված նրանց համար, որպեսզի մասնակցության հնարավորությունը հասանելի լինի հնարավորինս շատ բնակիչների։
- Մոտ 10 000 բնակչություն ունեցող և մոտ 27-28 միլիոն եվրո բյուջե ունեցող Հաապսալու քաղաքում մասնակցային բյուջետավորումը նույնպես ունի իր հաջողված փորձը: Քաղաքապետ Օլավի Սեյսոնենն իր խոսքում նշում է, որ մասնակցային բյուջետավորման ու համայնքային նախաձեռնությունների շնորհիվ իրականացվել են խոշոր նախագծեր, որոնցից է, օրինակ, մոտ 30 000 եվրո արժողությամբ կամրջի կառուցումը, որը կապում է Բալթիկ Ծովի քաղաքին կից երկու ափերը միմյանց, քանի որ բնակիչները քվեարկել և կարևորել էին այդ նախագիծը:

Քաղաքապետ Օլավի Սեյսոնեն նշում է, որ մասնակցային բյուջետավորումը շատ օգտակար է, քանի որ թույլ է տալիս տեսնել, թե ինչն է իրականում անհրաժեշտ մարդկանց, և նույնիսկ եթե որոշ գաղափարներ չեն հաղթում, դրանք օգնում են հասկանալ հանրային պահանջմունքները՝ հետագայում հիմնական բյուջեում ներառելու համար:

Թե՛ Սևանում, թե՛ Հաապսալուում փորձը ցույց է տալիս, որ համայնքի հզորացումը սկսվում է անհատ քաղաքացուց: Երբ քաղաքացին մասնակցում է ընտրություններին և հետևում է խոստումների կատարմանը, համայնքը դառնում է ավելի կենսունակ, ժողովրդավար և զարգացած:
