Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Նիստը վարում էր Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը։

Օրակարգային առաջին հարցով ավագանին լսեց Սևան համայնքի 2026թ-ի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին հաղորդագրությունը։ Բյուջեի 9 ամիսների կատարողականը կազմել է 99,33%:

2027թ-ին ևս Սևան համայնքում կիրականացվեն մասնակցային բյուջետավորման գործընթացներ։ Սևան համայնքի ավագանու որոշմամբ մասնակցային բյուջետավորման համար Սևան համայնքի 2027թ-ին բյուջեում կհատկացվի 30 միլիոն դրամ։

Օրակարգային հաջորդ հարցով Սևան համայնքի ավագանին Սևան համայնքում աղբահանության իրականացման համար «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին դրամաշնորհ հատկացրեց։

Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2027 թվականի բյուջեի նախագիծը։ Սևան համայնքի 2027թ-ի բյուջեն կանխատեսվում է, որ կկազմի եկամուտների գծով՝ 3 475 034 000 դրամ։ 2027թ-ի վարչական բյուջեի ծախսերի բաշխումներում էական փոփոխությունն այն է, որ շուրջ 150 000 000 դրամ ուղղվելու է Սևան համայնքի թվով 18 ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։

Սեփականատերերի դիմուների հիման վրա Սևան համայնքի ավագանու որոշմամբ փոխվեցին մի քանի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները։ Համայնքի ավագանին սահմանեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գին։ Այսուհետ այդ գինը սահմանվում է մրցույթային կարգով ընտրված լիցենզավորված կազմակերպության կողմից տարածաշրջանում անշարժ գույքի վաճառքների գների ուսումնասիրության գնահատման հիման վրա։

Ավագանու անդամներին ներկայացվեց նաև Սևանի համայնքապետարանում առկա օգտագործման համար ոչ պիտանի սարքերի և սարքավորումների դուրսգրման մասին տեղեկատվություն։

Նիստի վերջում ներկայացվեցին և քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները։

Սևան համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2026թ-ի նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի համամասնական ընտրություններից հետո։