Հարգարժան ուսուցիչներ
Կրթության բնագավառի նվիրյալներ,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Տոնը միավորել է մեր զգացողությունները, մեկտեղվել են ակնածանքի ու երախտագիտության խոսքերը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Ինչքան էլ հարափոփոխ լինեն ժամանակները ու ժամանակի թելադրած պահանջները, միևնույն է, դպրոցի սյուները եղել և մնում են ուսուցիչները, որոնց դերը գերակա է և անփոխարինելի:
Ուսուցչի օրը չի սահմանափակվում հոկտեմբերի 5-ով. յուրաքանչյուր բացվող օր դպրոց ու դասարան մտնող աշակերտին դիմավորող ուսուցիչները, որոնք դպրոց պահող ու լավագույն ավանդույթներ շարունակողներն են, ապացուցում են այն պարզ ճշմարտությունը, որ բոլոր ճանապարհներն անցնում են դպրոցով և այստեղ է ձևավորվում վաղվա քաղաքացին՝ ստանալով ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլ նաև հմտություններ ու կարողություններ:
Ուսուցչի աշխատանքն առաքելություն է և մեծ պատասխանատվություն: Կիրթ ու գիտակից սերունդ ունենալու ճանապարհի սկզիբը դպրոցում է, մեր երկրի ապագայի հիմքերն այստեղ են դրվում, որի ակունքներում ուսուցիչն է՝ իր ամենօրյա նվիրյալ ու պատվախնդիր աշխատանքով:
Այս տոնական պահին առանձնակի սիրով ցանկանում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի մանկավարժներին, նրանց, որոնք տասնամյակներ շարունակ կրթել են սերունդներ, անցել են վաստակած հանգստի, սակայն իրենց թողած ձեռագրով և կենսափորձով լավագույն օրինակ են երիտասարդների համար, նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց աշխատանքը` օրինակ դառնալով կրտսեր գործընկերների համար:
Հարգարժան ուսուցիչներ
Դուք ոչ միայն շարունակում եք մանկավարժական մեծ համայնքի լավագույն ավանդույթները, այլ նաև աշխատում եք ժամանակի պահանջներին համահունչ՝ ձեր ազգանվեր առաքելությանը հավատարիմ:
Դուք նոր կրթական համակարգի կրողն եք ու կենսունակությունն ապահովող, Դուք ոչ միայն Ձեր աշխատավայրի, այլ նաև մեր համայնքի դիմագիծն եք ամբողջացնում ու ձեր աշխատանքով նպաստում եք մեր համայնքի զարգացմանն ու առաջընթացին՝ մեկտեղելով լավագույն ավանդույթներն ու նորարար գաղափարները, դառնալով դրանց կրողն ու փոխանցողը:
Շնորհավորանքի խոսքերս եմ հղում համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակներին և մանկավարժներին:
Մանկակրթման և դաստիարակման, հայապահպանման ու հայրենասիրության սերմանման բարդ ու պատվաբեր գործի ակունքներում եք դուք և ձեր կոչմանն հավատարիմ` ապահովում եք մեր երեխաների նախադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը:
Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորում եմ Սևանի բազմագործառութային քոլեջի դասախոսներին, մանկավարժներին, որոնք կոչված են իրականացնելու շատ կարևոր առաքելություն:
Շնորհավորանքներս եմ հղում արտադպրոցական հաստատությունների խմբավարներին և դասատուներին, որոնք իրենց կարևոր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ ձևավորում են վաղվա քաղաքացուն:
Հարգարժան ուսուցիչներ
Ցանկանում եմ, որ դուք ձեր ներկայությամբ ու աշխատանքով դառնաք մեծագույն պահապանը կրթադաստիարակչական ու մանկավարժական գործի՝ կրթությունը դարձնելով բացարձակ արժեք:
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, շնորհակալություն եմ հայտնում ձեր պատվախնդիր աշխատանքի, անմնացորդ նվիրումի համար:
Մաղթում եմ ուժ և եռանդ, առողջություն, երկարակեցություն, բարեկեցություն և լավատեսություն, ձեր աշխատանքով ու առաքելությամբ Սևան համայնքը դարձրեք ներկայանալի և օրինակելի:
Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ,
Լույսի ու բարու սերմնացան
