Հարգարժան մեծահասակներ, մեծագույն ակնածանքի արժանի տատիկներ ու պապիկներ
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Տարեցների միջազգային օրվա առթիվ, որը ևս մեկ պատեհ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ արժանապատիվ ծերություն արժանի մարդկանց, որոնք վաստակել են խաղաղ ու բարեկեցիկ կյանք վայելելու իրենց իրավունքը:
Հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել և ունի իր ընտանիքի մեծի, իր կողքին ապրող ավագ սերնդի մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ընտանիքների ամուր սյուներն են ու սերունդների համերաշխության արժեքների կրողը:
Մեծահասակների կյանքը բարեկեցիկ, խաղաղ և ապահով դարձնելու համար կարևորվում են այն բոլոր ծրագրերը, բարեփոխումները, որոնց առանցքում առողջապահական, սոցիալական, կյանքի որակի բարելավմանը նպաստող ոլորտներն են: Այդ ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները շարունակաբար դառնում են առավել հասցեական՝ ուղղված ապահով ու արժանապատիվ ծերության ապահովմանը:
Մեծահասակների նկատմամբ պետք է լինի առավելագույն ուշադրություն, նրանց խնդիրները պետք է դառնան առաջնահերթ ու կարևորված, որը նաև հասարակության առողջ արձագանքն է տարեց սերնդի մարդկանց խնդիրների ու դրանց լուծմանը, որը միաժամանակ սերունդների համերաշխության ապահովման երաշխիք է։
Մենք ակնկալում ենք, որ մեր մեծահասակներն իրենց փորձառությամբ և խորհուրդներով պետք է շարունակեն մասնակցել մեր համայնքի զարգացմանը՝ որպես այս համայնքի կենսագրությունը կերտած մարդիկ ու լիիրավ տերեր:
Անչափ կարևորում եմ ոչ միայն մեր կողքին ապրող տարեցների կենսապայմանների, առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը, այլ նաև հասարակության վերաբերմունքը, որի արդյունքում ավագ սերնդի մարդիկ պետք է ապրեն հոգեկան հանգստության և ներդաշնակության մեջ՝ վայելելով իրենց բարեկեցիկ ծերությունը:
Սևան համայնքն էլ՝ ի դեմս տեղական իշխանության, անում է հնարավորը համայնքի տարեց բնակչության կյանքի որակի բարելավման ուղղությամբ, քանի որ մեզ համար մեծագույն պատասխանատվություն է և պատիվ՝ վայելելու ավագ սերնդի մարդկանց ներկայությունը:
Սիրելի մեծահասակներ
Այսօր վստահաբար դուք կստանաք շատ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Միանալով հնչող բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանում եմ, որ ձեր ներկայությամբ մեր համայնքի կյանքը դարձնել առավել ներդաշնակ ու խաղաղ, լինեք երիտասարդների կողքին՝ փոխանցելով ձեր կարողություններն ու փորձառությունը:
Սիրելի տատիկներ ու պապիկներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ապրեցեք երկար, առողջ, խաղաղ երկնքի տակ՝ վայելելով ապահով ու արժանապատիվ ծերություն:
Ցանկանում եմ, որպեսզի ձեր կյանքը վայելեք` շրջապատված ձեր զավակների, թոռների, հարազատների սիրով և ջերմությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ:
