Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը:
Համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, Սևան քաղաքի և բնակավայրերի բնակիչները, կրթամշակութային օջախների սաները, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Հոգևոր դասի կողմից կատարվել է ոգեկոչման արարողակարգ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծաղկեպսակ է դրել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարին, ծաղիկներ են խոնարհել հուշախաչքարի մոտ: Հայ ժողովրդի համար պատմական այս օրը Ցեղասպանության 1.5 միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օր է։
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ
2025թվականի ապրիլի 24-ին մենք կրկին ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, նշում Ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը միաժամանակ խնկարկումի, միասնակության, պահանջատիրության օր է:
Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ամենասարսափելի ոճրագործությունը խլեց 1.5մլն. հայի կյանք, հային դարձրեց տնավեր ու պանդուխտ, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել հավատը, չկարողացավ սպանել մեր պատմական հիշողությունն ու հայ ժողովրդի ինքնությունը:
Հայ ժողովուրդն անցել է դժոխային ճանապարհ, սակայն ուժ է գտել ապրելու, պայքարելու: Դժոխքից մահապուրծ փրկվածները սփռվել են աշխարհով մեկ, վերընձյուղվել, զավակներ ունեցել, իրենց հավատով ապրեցրել հային:
Գլուխ խոնարհելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ, ծաղիկներ խոնարհելով սրբադասված նահատակների հուշակոթողներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս բարդ ժամանակաշրջանում՝ լի մարտահրավերներով, առավել քան կարևորվում է համախմբվելու գաղափարը։
Գալիս ու գնում են սերունդները, սակայն հարափոփոխ երթի մեջ չի փոխվում մեր օրակարգը. ձեռքը դրած աշխարհի խղճի զարկերակին՝ թույլ չտալ նոր ցեղասպանությունների, անդադար հիշեցնել մարդկության դեմ գործած ոճրագործության մասին:
Աշխարհի առաջադեմ մարդկությունը և համայն հայությունը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որը նաև վերահաստատում է մեր պատրաստակամությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման:
110 տարի անց էլ մեր չմարող հիշողությունը մեզ հետ է, և այդ հիշողությունը պահանջում է` Ապրիլի 24-ի խորհուրդը պետք է դառնա զգոնության կոչ՝ համախմբելով բոլորիս համազգային արժեքների ու ինքնության շուրջ, միաժամանակ պետք է պայքարել, որպեսզի Հայոց Ցեղասպանությունն ստանա իրավական, քաղաքական և բարոյական գնահատական, որպեսզի չկրկնվեն ցեղասպանությունները:
Հայ ժողովուրդը երախտապարտ է այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ գործընթացը: Օրը կրկին միավորել և բռունցքել է հայ ժողովրդին և առաջադեմ մարդկությանը, որոնք իրենց խոնարհումն ու խնկարկումն են բերում 1915թվականի սրբադասված զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ի խորհուրդն է՝ դառնալ առավել միասնակամ և համախմբված, շարունակել ճշմարտության և արդարության վերականգնման ուղին, կառուցել և հզորացնել մեր երկիրը` հանուն մեր նահատակների ու բոլոր ժամանակներում հերոսացած զավակների, ստեղծել արժանապատիվ ու արժանավայել ապագա, պաշտպանել մեր ինքնությունն ու իրավունքները՝ վերահաստատելով մեր ձգտումները, խաղաղ ու անվտանգ հայրենիք ունենալու արդարացի պահանջը, հայրենիք-պետություն կերտելու ազգային նպատակը դարձնելով կենսակերպ ու ամենօրյա աշխատանք: