Սևանի բիզնես կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ հանդիպում անցկացրեց Գավառի պետական համալասարանի դասախոս, «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի նախագահ Լալա Մկրտչյանը:
Լալա Մկրտչյանը կիսվեց իր կյանքի փորձով, պատմեց Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի հաջողված ծրագրերի մասին:Հետաքրքիր քննարկում ծավալվեց «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորուման, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորուման արմատավորման մասին: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրենց հետաքրքրող հարցերով դիմելու բանախոսին:
Հանդիպումից հետո Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ մասնակցությամբ արվեստի և մշակութային օջախների սաների, պարային խմբերի:
Օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում ներկայացված էին ձեռքի և նկարչական աշխատանքների ցուցահանդես, որի հեղինակները Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սաներն էին:
Քաղաքացու օրվա միջոցառումների շարքում հատկանշական էր նաև մարզական նախաձեռնությունը. Անցկացվեց սիրողական հեծանվավազք անջատ մեկնարկով՝ 10կմ մրցուղով:
Մեկնարկը տրվեց Երևան-Սևան մայրուղու՝ վերգետնյա անցման տարածքից, որը շարունակվեց դեպի Երևան գնացող ճանապարհի՝ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի ճանապարհահատված: Հեծանվավազքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Սևանի Մաշտոցի անվան 1-ին, Զարոբյանի անվան 2-րդ, Վլադիմիր Կարապետյանի անվան 3-րդ, 4-րդ հիմնական և Գոմաձորի 6-րդ միջնակարգ դպրոցների աշակերտները։
Աղջիկների խմբից առաջին պատվավոր եռյակում էին Սառա Մկրտչյանը, Կարինե Դալլաքյանը, Միլենա Մարգարյանը: Տղաների խմբից առաջին երեք տեղերը կիսեցին Գարիկ Ավագյանը, Էրիկ Գնդոյանը, Արմեն Խաչատրյանը: Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին պարեկները:
Լճաշեն բնակավայրում ևս օրը հագեցած էր:
Լճաշենցի պատանիներն ու երիտասարդներն օրվա խորագրին համահունչ հետաքրքիր հանդիպում ունեցան Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ղեկավար Քրիստինե Հակոբյանի հետ: Ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկում:
Հանդիպմանը հաջորդեց Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը և Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան երգի և պարի խմբերի սաներ մասնակցությամբ համերգային ծրագիրը:
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Քաղաքացու օրվա շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։ Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես են եկել պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, որոնք ներկայացրել են պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց հաջողություններն ու ձեռքբերումները՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր: