Մայիսի 8-13-ը Հունաստանի Սերես քաղաքում անցկացված K-1 և քիքբռնցքամարտի աշխարհի բաց առաջնություններում սևանցի 4 մարզիկներն իրենց մարզչի Էդգար Ղարիբյանի հետ փայլուն արդյունքներով մայիսի 14-ին վերադարձան հայրենիք։
Սևանցի չեմպիոններն են Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Խաչատրյանը, որոնք 30 երկիր ներկայացնող 2500 մասնակիցների մեջ փայլեցին իրենց վարպետությամբ և պատրաստվածությամբ:
Ռազմիկ Շուշանյանը K-1 բաժնում հաղթել է Հունաստանի մարզիկին, իսկ քիքբոքսինգի բաժնում նա նաև եզրափակչում հաղթել է Կիպրոսի մարզիկին։
Հովսեփ Ղարիբյանը K-1 դիվիզիոնում հաղթել է Ալբանիայի մարզիկին, իսկ քիքբոքսինգի դիվիզիոնի եզրափակչում նոկաուտով հաղթել է Կիպրոսի մարզիկին։
Լևոն Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Վրաստանի մարզիկին և դարձել չեմպիոն։
Վահե Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Անգլիայի ներկայացուցչին և դարձել չեմպիոն։
Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից պատվոգրեր և նվերներ հանձնեց մարզիկներին և իրենց մարզչին։
