Սևանում անցկացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար։

Մարտի 1–ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի հուշամրցաշար նվիված հայ նշանավոր ռազմական և քաղաքական գործիչ, գրող,  Հայաստանի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67–ամյակին։

Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Վազգեն Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

Օլիմպիական թաեքվոնդոի հուշամրցաշարը կազմակերպվել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Հուշամրցաշարին մասնակցում էին 100–ից ավել մարզիկներ ինչպես Գեղարքունիքի մարզի բնակավայրերից, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Հուշամրցաշարի անցկացման  նպատակն էր նաև  մարզում թաեքվոնդոյի մասսայականացումը և ուժեղագույն պատանի սպորտսմեններ ի հայտ բերելը: Թաեքվոնդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի:

Հուշամրցաշարի  մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողները պարևատրվեցին նաև մեդալներով և գավաթներով, թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով: