Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Ճամբարակ և Սևան համայնքներում վերաբնակություն հաստատատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։


Հանդիպումներն անցկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, որոնց ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։

Նախորդ օրը նման հանդիպումներ են անցկացվել Մարտունի և Վարդենիս համայնքներում: Վաղը ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում կանցկացվի նաև Գավառում:
