Գեղամավան բնակավայր

Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում՝ Հրազդան գետի ձախակողմյան ափին, ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 37 կմ է, Երևանից՝ 60 կմ:

Բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 1744 մարդ:

1828 թվականին այստեղ Պարսկաստանի Մակու գավառի Անձուկ գյուղից մոտ 400 մարդ է ներգաղթել, սակայն տեղեկություններ կան, որ դեռևս 7-րդ դարում այս տարածքն արդեն բնակատեղի է եղել:

Մինչև 1946 թվականը բնակավայրը կոչվել է Շահրիզ:

Գյուղի պատմության նոր փուլն սկսվում է 1828 թվականից, երբ Երևանի խանության տարածքն անցավ Ռուսական կայսրությանը, և հնարավորություն ստեղծվեց Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից ներգաղթ կազմակերպել դեպի գյուղ:

Խորհրդային շրջանում գյուղն ընդգրկվեց Սևանի շրջանի կազմում, իսկ 1946 թվականին վերանվանվեց Գեղամավան:

1991 թ. Գեղամավանի սովխոզի լուծարումից հետո հողը և անասունները սեփականաշնորհվել են և ստեղծվել են գյուղացիական տնտեսություններ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ, վերջին տարիներին սկսել է զարգանալ նաև ինտենսիվ այգեգործությունը և ջերմատնային բուսաբուծությունը:

Մշակում են հիմնականում հացահատիկային կուլտուրաներ (ցորեն, գարի, հաճար), կերային մշակաբույսեր և կարտոֆիլ:

Այս գոտուն բնորոշ են չոր և երաշտ ժամանակաշրջանները։

Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 425 մմ, իսկ տարվա տաք ամիսներին՝ 280 մմ։ Այս գոտում գյուղատնտեսության վարման արդյունավետության բարձրացման գործում ոռոգումը վճռորոշ նշանակություն ունի։

Բնակավայրում գործում են Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը, նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, բուժկետ, Հայփոստի բաժանմունք, ակումբ-գրադարան:

Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 3128,37 հա:

Վերջին տարիներին գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի շնորհիվ մեծ զարգացում է ստանում ինտենսիվ այգեգործությունը և ջերմատնային բուսաբուծությունը: Հիմնվել է 4,8 հա տանձենու ինտենսիվ այգի ժամանակակից տեխնոլոգիաներով (կաթիլային ոռոգման համակարգ և հակակարկտային ցանց) և 7,5 հա ջերմատնային տնտեսություն, որտեղ զբաղվում են ծաղկաբուծությամբ:

Բնակավայրի հարավ-արևմտյան մասում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, տարածքում առկա են ՍԲ Աստվածածին (14 -15-րդ դար), ՍԲ Խաչ (12-13-րդ դար), Թուխ Մանուկ (14-15-րդ դար) մատուռները և 9-17-րդ դարերի գերեզմանատեղիներ: