Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ինչպես հանրապետությունում և Գեղարքունիքի մարզի համայնքներում, այնպես էլ Սևան համայնքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ:
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում բնակավայրի երիտասարդների հետ՝ «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» խորագրով:
Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում, բնակավայրի երիտասարդներն իրենց առաջարկություններով ու դիտարկումներով ևս մեկ անգամ կարևորեցին համայնքի կյանքում իրենց դերակատարումը, ինչպես նաև այն ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ, որոնց միջոցով համայնքը դառնալու է առավել ներկայանալի և զարգացած։
Սևան համայնքում երիտասարդության օրվան նվիրված միջոցառումների հաջորդ կանգառը «Ծովեմ» երիտասարդական կենտրոնն էր, որտեղ «Երիտասարդական ալիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց ֆլեշմոբով, որին հաջորդեցին թեմատիկ խաղերը, վիկտորինան, երգ ու երաժշտությունը:
Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից մեկնարկեց հեծանվաարշավը, որն ուղղված է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը: Հեծանվարշավի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Սևան համայնքում աճել է, որի արդյունքում միմյանց են հաջորդում այս մարզաձևի առաջնություններն ու իրազեկման արշավները՝ ներգրավվելով երեխաների և երիտասարդների նոր խմբերի:
«Գրքերը միավորում են մարդկանց» խորագիրն էր կրում երիտասարդների միջազգային օրվան նվիրված գրքի քննարկումը Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանում, որին մասնակցում էին ակտիվ ընթերցողները և գրադարանի աշխատակիցները: Քննարկման սեղանին Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպն էր, որը ընթերցողների շրջանում ունի մեծ հետաքրքրություն:
Միջոցառումն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ. գրքի քննարկմանն ակտիվ մասնակցության համար երիտասարդ ընթերցողները ԳԿՀ տնօրինության կողմից ստացան շնորհակագրեր:
Երիտասարդների միջազգային օրը Սևան համայնքում ամփոփեցին երաժշտական երեկոյով, որը տեղի կունենա Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում: «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» խորագրով երեկոն ուղեկցվեց երգ ու պարով, դրական լիցքեր հաղորդող տրամադրությամբ:

