Առավոտից Սևան քաղաքում և համայնքի բոլոր բնակավայրերում անցկացվեց շաբաթօրյակ, որին իրենց մասնակցությունն ունեցան կրթական հաստատությունների ուսուցիչներն ու աշակերտները, առողջապահական կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքում գործող ընկերությունների, ծառայությունների, ստորաբաժանումների աշխատակիցները, բնակիչներ:

Աշխատանքներին ներգրավվել է համայնքում գործող յոթտասնյակից ավելի կազմակերպություն, շուրջ 4000 մարդ: Օգտագործվել են շուրջ 18 միավոր տեխնիկա, 250-ից ավելի գործիքներ:

Մաքրության հերթական օրը աղբահանության, աղբահեռացման, բարեկարգման աշխատանքներին զուգահեռ իրականացվեց նաև ծառատունկ։

Համայնքում իրականացվող շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային հանձնախումբը, որի անդամները դեռևս օրեր առաջ առանձնացրել էին մաքրության տարածքները` համապատասխան սխեմաներով, նշանակվել էին պատասխանատուներ՝ ըստ բնակավայրերի և տարածքների, ծանուցագիր-հիշեցումներ էին ուղարկվել կազմակերպություններ, հաստատություններ, իրականացվել էին իրազեկման աշխատանքներ:

Շաբաթօրյակի ընթացքում տարածքների մաքրությանը զուգահեռ իրականացվեց նաև հուշարձանների լվացում, որը ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ՀՓՋ-ի նախաձեռնությունն էր:

Իրականացված աշխատանքներն ընդգրկեցին նաև այն տարածքները, որտեղ աղբի առավել մեծ կուտակումներ կային. աղբահեռացմանը հաջորդեց այդ տարածքների հարթեցումն ու բարեկարգումը:
Օրվա ընթացքում «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացրին հավաքված աղբի՝ աղբավայր տեղափոխելու, ներգրավված տեխնիկայի միջոցով տարածքներն ավլելու, հարթեցման աշխատանքներ, որը կշարունակվի նաև առաջիկա օրերին:
Մաքրության հերթական օրը վկայում է, որ այն կենսակերպ դարձնելու գործում կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ:

Սևանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում այն հաստատություններին, կազմակերպություններին, ընկերությունների աշխատակիցներին, բնակավայրերի պատասխանատուներին և ներկայացուցիչներին, որոնք ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, քաղաքացիական պատասխանատվություն։
Մայիսի 3-ին Սևան քաղաքում անցկացված շաբաթօրյակը համատեղվեց հետաքրքիր նախաձեռնությամբ:
Սևանում իրականացվող «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում Սայաթ-Նովա փողոցի մաքրության, աղբահանության աշխատանքներին հաջորդեց աղբի տեսակավորումը, որը լավագույն հնարավորություն էր բարձրացնելու հանրային իրազեկվածությունը տեսակավորման կարևորության մասին, ինչպես նաև մեծահասակներին և դպրոցականներին ներգրավելու տեսակավորման գործընթացում:

Տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը մասնակցեց Սևան համայնքում տեղի ունեցող շաբաթօրյակին, միաժամանակ մասնակիցների հետ անցկացրեց ուսուցողական, իրազեկման աշխատանք, որի շրջանակներում մասնակիցները պատկերացում կազմեցին տեսակավորման գործընթացի վերաբերյալ՝ մասնակից դառնալով տեսակավորմանը:
Սևան քաղաքում շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Ավարտվեց ևս մեկ շաբաթօրյակ, սակայն համայնքում մաքրության օրը չի ավարտվում, այն ամենօրյա է, որն իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը պետք է դառնա նաև Սևան համայնքի յուրաքանչյուր բնակչինը, որովհետև սա համայնքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսևորման ձևերից մեկն է: