Սևան քաղաքում իրականացվեց տեսակավորվող թափոնների առաջին հավաքը։

Սևան համայնքը ձեռք է բերել աղբահեռացման և թափոնների տեսակավորման անվճար նոր ու ժամանակակից ծառայություն իր բնակիչների համար։

Բացի այն, որ բոլոր բնակավայրերում արդեն տեղադրվել են ընդհանուր աղբի համար նոր սև գույնի թափոնամաններ, Սևան քաղաքի բնակիչները հնարավորություն են ստացել նաև տեսակավորել թափոնները։ Դրա համար Սևան քաղաքում սև թափոնամանների կողքին արդեն տեղադրված են  կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք նախատեսված են հենց տեսակավորման համար։

Ինչպես ընդհանուր, այնպես էլ վերամշակելի, տեսակավորվող թափոնների հավաքումն ու տեղափոխումը իրականացնում է  «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն, որի Սևանի համայնքապետարանը պատվիրակել է թափոնների հավաքման ծառայությունը։

Օգոստոսի 1–ին Սևան քաղաքում իրականացվեց տեսակավորվող թափոնների առաջին հավաքը։ Հուլիսի 26–ի տեսակավորման մեկնարկից հետո էլ շարունակվում է իրազեկման գործընթացը Յակոբեան կենտրոնի և Սևանի համայնքապետարանի փորձագետների կողմից։

Թուղթը, ստվարաթուղթը, պլաստիկը, պոլիէթիլենային տոպրակը, մեկանգամյա օգտագործման սպասքը, ալյումինե տարան և փայլաթիթեղը պետք է նետել կապույտ թափոնամանի մեջ, իսկ ապակյա թափոնը, շիշը, սպասքը կամ ջարդոնը՝ կանաչ թափոնամանի մեջ։

Կարևոր է իմանալ, որ մինչ տեսակավորելը պետք է շիշը և տարան դատարկել և ողողել ջրով։

Բնակիչներին բացատրվում է նաև, որ տեսակավորման այս երկու գույնի թափոնամանների մեջ չի կարելի նետել հյութի և կաթի փափուկ տարան, սննդային և ճարպի հետքերով տարան, մեխեր և այլ մետաղյա փոքր իրեր, էլեկտրական լամպ, ճենապակի, բյուրեղապակի, կերամիկա, հաելի, եվրոպատուհան, ավտոմեքենայի ապակի։

Սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը Սևան համայնքում մեծ ձեռքբերում էր համայնքի կողմից իր բնակիչների համար։ Տեսակավորման իրազեկման գործընթացը Սևան քաղքում դեռևս կշարունակվի, որպեսզի Սևանի բնակիչները լավ պատկերացում կազմեն, թե ինչպես տեսակավորել աղբը, ինչպես նաև թափոնի տեսակավորումը դառնա բնակիչների կենցաղի բաղկացուցիչ մասը։