ՍԵՎԱՆԸ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ Է ՎԵՐԱՄՇԱԿԵԼԻ ԹԱՓՈՆԸ․Մեկնարկը տրվեց․

Հուլիսի 26–ին Սևան քաղաքում տրվեց սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը:

_____

Սևան քաղաքում կբարելավվի աղբահանությունը և կձևավորվի նոր մշակույթ։

Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակիցներ, սևանցիներ։

Ելույթով հանդես եկան Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։

Արմենուհի Ղուկասյանը իր և համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից շնորհավորեց սևանցիներին նոր որակի աղբահանության ծառայություն ունենալու և սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի Սևան քաղաքում ներդրման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ թափոնների տեսակավորումը կդառնա Սևանի բնակիչների կենցաղի մի մասը և Սևանը կդառնա օրինակ հետագայում հանրապետության մյուս համայնքների համար, միաժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աշխատակիցներին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և իհարկե Շվեդիայի կառավարությանը ծրագիրը Սևան քաղաքում իրականացնելու համար։

Եվ որպես երախտիքի դրսևորում Սևան համայնքի կողմից՝ Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի իրականացման գործում ունեցած ակնառու մեծածավալ ներդրման, տեխնիկական աջակցության, Սևանի համայնքապետարանի հետ գործընկերային լավագույն համագործակցության համար Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատվոգրի արժանացան Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը և «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը։

Ողջունելով և շնորհավորելով սևանցիներին նոր որակի աղբահանություն և թափոնների տեսակավորման ծառայություն ունենալու առթիվ՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ երեք տարիների քրտնաջան աշխատանքի ընթացքում ճանաչել է Սևան քաղաքը և իրեն այսօր համարում է արդեն Սևանի մի փոքր մասնիկը։ Հարություն Ալպետյանը շնորհակալություն հայտնեց Սևանի համայնքապետարանին՝ ի դեմս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և համայնքապետարանի աշխատակիցների, իրենց պատրաստակամության և նվիրվածության համար։

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանն էլ իր հերթին շնորհավորելով սևանցիներին, դարձյալ շնորհակալություն հայտնեց Սևանի համայնքապետարանին տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր տեղափոխելը «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին արտապատվիրակելու և տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը իրենց վստահելու համար, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի բոլոր գործընկերներին քրտնաջան ու կարևոր աշխատանքի համար:

———

Սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի պաշտոնական բացումից հետո Յակոբեան կենտրոնի փորձագետների կողմից անցկացվեց վարպեստաց դաս՝ ինտերակտիվ խաղի տեսքով, թե ինչպես պետք է տեսակավորել թափոնները, որին ակտիվ մասնակցություն ունեցան երեխաներն ու երիտասարդները, նրանց միացան նաև մեծահասակներ։ Բաժանվելով խմբերի, տեսակավորեցին թափոնները, իսկ վերջում ստացան նվերներ։

———

Տեսակավորման համար առանձնավցված են երկու գույնի թափոնամաններ՝ կապույտ և կանաչ։

Թուղթը, ստվարաթուղթը, պլաստիկը, պոլիէթիլենային տոպրակը, մեկանգամյա օգտագործման սպասքը, ալյումինե տարան և փայլաթիթեղը պետք է նետել կապույտ թափոնամանի մեջ, իսկ ապակյա թափոնը, շիշը, սպասքը կամ ջարդոնը՝ կանաչ թափոնամանի մեջ։

Կարևոր է իմանալ, որ մինչ տեսակավորելը պետք է շիշը և տարան դատարկել և ողողել ջրով։

Հատուկ բացատրվեց, որ տեսակավորման այս երկու գույնի թափոնամանների մեջ չի կարելի նետել հյութի և կաթի փափուկ տարան, սննդային և ճարպի հետքերով տարան, մեխեր և այլ մետաղյա փոքր իրեր, էլեկտրական լամպ, ճենապակի, բյուրեղապակի, կերամիկա, հաելի, եվրոպատուհան, ավտոմեքենայի ապակի։

———

Մասնակիցները համայնքային խոստման պատին մակագրեցին՝ «Ես տեսակավորում եմ Սևանի համար»։ Այս պաստառը կփակցվի Սևանի համայնքապետարանում՝ ի նշան համայնքի բնակիչների խոստման։

Վերջում՝ խմբային լուսանակր․

Իսկ թափոնատար մեքենան մեկնարկեց իր երթուղին Սևան քաղաքով՝ իրազեկման ուղերձներով ու տեղեկատվական թերթիկներ բաժանելով։

————

Շուրջ 300,000 եվրոյին համարժեք աջակցության շրջանակում Սևանին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1,680 թափոնաման և մեկ թափոնատար բեռնատար VOLVO ավտոմեքենա։

Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր կտեղափոխվի «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին Սևան համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը:

————

Սևանում մեկնարկած սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, և իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։