Մայիսի 21-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր երեխաների ձեռքի նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ «Իմ կանաչ, մաքուր մոլորակը» խորագրով, որի ընթացքում ներկայացված էին նաև նախապես հայտարարված նկարչական աշխատանքների մրցույթին հայտ ներկայացված աշխատանքները:


Այդ նպատակով ստեղծված ժյուրին կգնահատի աշխատանքները, մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 10-ը: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, բացի նկարչական աշխատանքների մրցույթից, Սևան համայնքում հայտարարված է նաև «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման և «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ երեխաների և երիտասարդների համար:





Մայիսի 22-ին Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Մեր մաքուր մոլորակը» թեմայով էկոլոգիական պարապմունք:

Միջին խմբի դաստիարակ Լիլիթ Օհանյանի օգնությամբ երեխաները պատկերացում կազմեցին, թե ինչ է արևային էներգիան, ֆոտովոլտային կայանը, հողմակայանը և, թե ինչպես կարելի է ջրից, քամուղ և արևից ստանալ էներգիա:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված էկլոգիական պարապմունքին հետևում էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի և մանկապարտեզի աշխատակիցները:



Սևան համայնքում մայիսի 10-ից անցկացվում են ԵՄ Կայուն էներգիայի օրերը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման: