Սևան համայնքում շարունակվում են անցկացվել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ:

Մայիսի 20-ին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Բնապահպան միջատները» թեմայով նախագծային աշխատանքի ներկայացում:

Ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի աշխատակիցներ, ծնողներ:

Մանկապարտեզի սաները դաստիարակ Լուսինե Մարտիրոսյանի աջակցությամբ կարողացան ներկայացնել մեր շրջապատում ապրող միջատների տեսակները, զանազանեցին օգտակար և վնասակար միջատներին, դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ցուցադրվեց նախագծային աշխատանք:

Երեխաները դաստիրակի հետ նաև այցելել են մեղվապահների և տեղեկություններ ու հետաքրքիր փաստեր հավաքել մեղուների մասին: Նախագծային աշխատանքի հիմքում ընկած էր շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը, և, որ կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են: Միջատներն էլ իրենց հերթին բնության անբաժան մասնիկն են և կատարում են իրենց կարևոր դերը:

Նույն օրը Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել էր թղթի, պլաստիկի և կտորի վերամշակման արդյունքում ստեղծված ձեռագործ իրերի ցուցադրություն՝ «Կանաչ և մաքուր միջավայր» կարգախոսով:

Մեր կենցաղում կարող ենք հավաքել թափոն հանդիսացող պլաստմասե/թղթե/ապակյա տարաներ և այլ իրեր և սովորել թափոնները բազմակի օգտագործման իրերի (ինչպիսիք են՝ զարդեր, բազմակի օգտագործման պայուսակներ, աքսեսուարներ և այլն) վերածելու տարբեր տեխնոլոգիաներ։

Արդեն հինգ տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Համայնքում կազմակերպվում են Կայուն էներգիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, բաց-դասեր, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ, ցուցահանդեսներ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվում են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ: