Ամանորի գույներն ու տրամադրությունը հյուրընկալվել էին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի օջախի հարկի տակ:

Հավատարիմ արդեն իրենց ավանդույթին, Ամանորի շեմին, դեկտեմբերի 23-ին,  Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի տարբեր խմբերի սաները` խմբավարների գլխավորությամբ, իրենց ձեռքբերած կարողությունները, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում ունեցած հմտությունները դարձրել էին ձեռքի ու մտքի համադրությամբ ստեղծված աշխատանքներ և ներկայացրել «Ամանորյա հրաշք»  խորագրով տոնական ցուցահանդեսում:

Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը ողջ տարվա ընթացքում գործել է ծանրաբեռնված, որի շնորհիվ արվեստի այս օջախ հաճախող երեխաների ու դեռահասների առօրյան դարձել է բովանդակալից, նպատակասլաց և հետաքրքիր:

Առանցքում ձմեռային ու տոնական թեմաներն էին` հետաքրքիր լուծումներով և կոմպոզիցիաներով, երանգների ու մտահղացումների բազմազանությամբ:

Արվեստի դպրոցի աշխատակազմը և սաներն իսկական տոն պարգևեց ներկաներին և ցուցահանդեսի մասնակիցներին` կատարված տեսանելի աշխատանքը դարձնելով բոլորի սեփականությունը: