Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում ընթացքի մեջ են երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները
2026 թվականին մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերից մեկն իրականացվում է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում:
«Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում» ծրագրի շրջանակներում շուտով բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի մի հատվածը (150քմ) կվերածվի երիտասարդական կենտրոնի, որտեղ իրենց ժամանցը, հանգիստը կկազմակերպեն գեղամավանցի երիտասարդներն ու երեխաները:
Այս օրերին ընթանում են երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները, որի պայմանագրային արժեքը 4.282.640 ՀՀ դրամ է:
Շինարարական աշխատանքներին զուգահեռ Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են տարածքի կահավորման և մարզագույքի ձեռքբերման մրցույթները:
Արդյունքում երիտասարդական կենտրոնը կհամալրվի շուրջ 9.250.000 ՀՀ դրամ արժողությամբ անհրաժեշտ գույքով:
Ամիսներ առաջ ընդամենը գաղափար ներկայացված առաջարկն այսօր արդեն դարձել է կոնկրետ ծրագիր, որի իրականացմամբ Գեղամավան բնակավայրում լուծվելու է առաջնահերթություն դարձած ևս մեկ խնդիր՝ ներկայացված հենց գեղամավանցիների կողմից:
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում էլ առաջարկը կյանքի կոչվեց ու վերադարձվում է Գեղամավան բնակավայրի բնակիչներին երիտասարդական կենտրոնի տեսքով՝ համալրելով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի ցանկը:
