Այս օրերին իրականացվում են Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:
2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկում էր նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը, որը մեկնարկել է 2026 թվականի գարնանը:
Չնայած մշակութային օջախում նախկինում իրականացված շինարարական աշխատանքներին և միջամտություններին՝ բնակավայրի մշակույթի տանը նոր շունչ, թարմություն հաղորդելու և արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ էր առավել ընդգրկուն ծրագրի իրականացում:
Ծրագրի պայմանագրային արժեքը 126.632.400 ՀՀ դրամ է՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքները ներառում են 1296քմ տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի և աստիճանավանդակի կառուցում, առաստաղների և պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման կոյուղու արտաքին և ներքին համակարգի, ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում և այլ աշխատանքներ:
Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են «Ծովագյուղ ՃՇՇ» և «Կամարաշար» ՍՊԸ-ները:
Սևան համայնքում, մասնավորապես՝ Ծովագյուղ բնակավայրում այս ծրագրի իրականացմամբ լուրջ նախադրյալներ կստեղծվեն մարզա-մշակութային միջոցառումներին նոր շունչ հաղորդելու համար, կբացվեն մի շարք խմբակներ, կվերականգնվեն մշակութային ավանդույթները:
