Հանրապետությունում իրականացվող մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման ցանկում են նաև Սևան համայնքի մանկապարտեզները:

Այս օրերին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» և Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզներում գարնանը նվիրված հանդեսների փոխարեն իրականացվում են շինարարական աշխատանքներ, և երկու հաստատությունների շենքերն էլ վերածվել են շինհրապարակների:

Հանրապետությունում իրականացվող մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման ցանկում են նաև Սևան համայնքի մանկապարտեզները:

Թեև երկու մանկապարտեզներում էլ իրականացվել են հիմնանորոգման, վերանորոգման, ինչպես նաև կոսմետիկ աշխատանքներ, սակայն մանկան օջախները նորովի ու թարմ շնչով ներկայանալու անհրաժեշտությունը հասունացել էր, որն էլ իրողություն է դարձել կոնկրետ ծրագրերի տեսքով:

«Հեքիաթ»-ը 6 խմբանոց մանկապարտեզ է, Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն ունի 4 խումբ:

Շուրջ 300 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները, կրթադաստիարակչական գործընթացը կշարունակվեն հիմնանորոգված, նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկություններին համապատասխան պայմաններում և միջավայրում:

Համաձայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի՝ մանկապարտեզների շենքերում իրականացվում են նախատեսված աշխատանքները:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել էր մրցույթ երկու մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման և կահավորման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

Շահող կազմակերպությունն արդեն իրականացնում է համապատասխան աշխատանքները:

Ամիսներ անց Սևան համայնքի բնակիչներն ու նրանց փոքրիկները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախների հիմնանորոգված շենքեր:

Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում էլ կառուցվելու է մանկապարտեզի նոր շենք: