ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Սևան քաղաքի «Նկուղ» ստեղծարար հարթակում հադիպել է երիտասարդների հետ։ Նախարարի տեղակալը երիտասարդներին հորդորել է «Մասնակցային լինել հանրային կյանքի բարեփոխումներին»։

Սևանցի երիտասարդները դեկտեմբերի 19-ին «Նկուղ» ստեղծարար հարթակում հյուրընկալեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։

Ավանդույթի համաձայն՝ սևանցի երիտասարդները նվեր էին պատրաստել բանախոսի համար և փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին խնդրեցին Սևան այցի առիթով իր պատկերացմամբ նախորդ հանդիպումներից պաշտոնյաների նկարած գունապատկերներին ավելացնի իրենը և ներկերից ստանա գունապատկեր և վրձնի նկար թողնի, որպես խորհրդանիշ: Այդ հարցում փոխնախարարին օգնեց Սևանի N4 հիմնական դպրոցի աշակերտ Անահիտը։ Նրանք երկուսով նկարեցին ծիրան։

Հանդիպմանը մասնակցում էին ոլորտում գործող անձինք ու կազմակերպություններ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագ տարիքի դպրոցականներ, հետաքրքրված անհատներ:

Հանդիպմանը քննարկվեցին երիտասարդության ոլորտի ձեռքբերումները, կիսվեցին մտքերով , առաջարկություններով և հուզող հարցերով:

Ծավալվեց անկաշկանդ ու կառուցողական զրույց այսօրվա երիտասարդությանը հուզող խնդիրների շուրջ։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է «Երիտասարդության մասին» ՀՀ առաջին օրենքի ընդունումից հետո։ Նա հատկապես կարևորեց երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

«Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման և կարողությունների զարգացման համար: Այս նպատակով պետական բյուջեի միջոցներով տարբեր դրամաշնորհային միջոցառումներ են իրականացվում մի շարք ոլորտներում՝ քաղաքացիական կրթություն, մեդիագրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ձեռներեցություն, փափուկ հմտություններ, թվային գրագիտություն, աղետների դիմակայում և այլն, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը: Առանձնակի ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը, որի համար ստեղծվում են երիտասարդական կենտրոններ՝ որպես երիտասարդական կյանքի կազմակերպման միջավայր, որտեղ ևս շեշտադրվում է կարողությունների զարգացումը»։–Նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ամփոփելով ելույթը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում` մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին: Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին։

Ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին իրենց հրավերը չմերժելու և օրվա հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման համար: Եվ ինչպես միշտ հանդիպման ավարտին լուսանկարվեցին։