ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգարժան մեծահասակներ, մեծագույն ակնածանքի արժանի տատիկներ ու պապիկներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ:

Հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել և ունի իր ընտանիքի մեծի, իր կողքին ապրող ավագ սերնդի մարդկանց նկատմամբ, որոնք  իրենց ընտանիքների ամուր սյուներն են ու սերունդների համերաշխության արժեքների կրողը:

Ու այսօրն էլ պատեհ առիթ է՝ արտահայտելու մեր սերը մեր կողքին ապրող տարեցների նկատմամբ, որոնք արժանի են պատշաճ ուշադրության,  հոգատար վերաբերմունքի և անսահման սիրո:  

Մեծահասակների կյանքը բարեկեցիկ, խաղաղ և ապահով դարձնելու համար կարևորվում են այն բոլոր ծրագրերը, որոնց առանցքում առողջապահական, սոցիալական խնդիրներն են: Այս ծրագրերի իրականացումը պետք է լինի հասցեական և դառնա  ապահով ծերության, առողջ միջավայր ստեղծելու երաշխիքներից մեկը: 

Մեծահասակների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի առավելագույնը, նրանց խնդիրները պետք է դառնան առաջնահերթ ու կարևորված, որը նաև հասարակության առողջ արձագանքն է տարեց սերնդի մարդկանց խնդիրների ու դրանց լուծման նկատմամբ։ 

Անչափ կարևորում եմ ոչ միայն մեր կողքին ապրող տարեցների  կենսապայմանների, առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը, այլ նաև  հասարակության վերաբերմունքը, որի արդյունքում  ավագ սերնդի մարդիկ պետք է ապրեն  հոգեկան հանգստության և ներդաշնակության մեջ՝ վայելելով իրենց բարեկեցիկ ծերությունը:

Սևան համայնքն էլ՝ ի դեմս տեղական իշխանության, անում է հնարավորը համայնքի տարեց բնակչության կյանքի որակի բարելավման ուղղությամբ, քանի որ մեզ համար մեծագույն պատասխանատվություն է և պատիվ՝ վայելելու ավագ սերնդի մարդկանց  ներկայությունը և կենսափորձը:   

Հարգարժան մեծահասակներ,

Սիրելի տատիկներ ու պապիկներ

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ապրեցեք երկար, առողջ, խաղաղ երկնքի տակ՝ վայելելով ապահով ու արժանապատիվ ծերություն:

Ցանկանում եմ, որպեսզի ձեր կյանքը վայելեք` շրջապատված ձեր զավակների, թոռների, հարազատների, շրջապատի մարդկանց սիրով և  ջերմությամբ, հոգատարության և ուշադրության պայմաններում: