«Միասնական Համայնք» կուսակցության անդամներն, ավագանու թեկնածուներն ու Սևան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչները ներկայացրին իրենց կուսակցության ծրագրային դրույթները և այն կարևոր դրդապատճառներն ու հանգամանքները, որոնք ազդել են նախ համայնքի համամասնական ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու և Վահրամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրելու վրա։ Կուսակցության շտաբի ներկայացուցիչը նախ հստակեցրեց ապագա քարոզարշավին մասնակցելու իրենց մոտեցումները, նշելով, որ հակված են բաց, հավասարակշիռ, հանրության համար մաքսիմալ ընկալելի քարոզարշավի։ Այնուհետև ներկայացրեց համայնքի բնակիչների արդեն առկա ընկալումներն ու արձագանքները։
Քաղաքական այս ուժին միանալու պատրաստակամություն հայտնածների մեջ հատկապես մեծ թիվ են կազմում երիտասարդները։ Նրանք շեշտում էին, որ միշտ են բարենպաստ հնարավորություն ու հարթակ փնտրել իրենց ծրագրերն իրականացնելու համար։
«Միասնական Համայնք» կուսակցության թեկնածու Վահրամ Գևորգյանի թեկնածության մասին խոսեցին նաև խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի բնակիչները, ովքեր Ծովագյուղի օրինակով լուծումներ ու կարգավորումներ են տեսնում այժմյան, արդեն խոշորացված համայնքի խնդիրների համար։
Այնուհետև հանդիպման բանախոսը շեշտելով այս տարածաշրջանի հատկապես ավանդապաշտ ու մեծերի նկատմամբ հատուկ հարգանք ունենալու հանգամանքը, խոսքը տրամադրեց համայնքի մեծ կենսափորձ ու կազմակերպչական հմտություններ ունեցող հեղինակավոր բնակիչներին, նրանք հատկապես նշում էին, որ իրենց համար անհանդուրժելի է Սևանի ներկայիս իրավիճակը։ Հատկապես ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ մյուս համայնքների օրինակով ակնհայտ է, որ ցանկության դեպքում հնարավոր է զարգացնել խոշորացված համայնքը։
Հանդիպման ավարտին ներկաներին դիմեց Վահրամ Գևորգյանը։ Նա ի սկզբանե ներկայացրեց այն ցուցանիշները, որոնք իր թիմը գրանցել է ղեկավարման վերջին տարում։ Նա հատկապես շեշտադրում էր չափելի ու համեմատելի արդյունքները։
Իր ղեկավարման վերջին տարիներին ունեցած այս ցուցանիշները Վահրամ Գևորգյանը առաջարկեց համեմատել դրան հաջորդած հինգ տարիների ցուցանիշների հետ։
Այս համեմատություններից հետո Սևանն առաջիկայում ղեկավարելու հայտ ներկայացրած կուսակցության թեկնածուն ներկայացրեց մյուս համայնքների իրավիճակն ու եզահանգման եկավ։ Այս պայմաններում անթույլատրելի է պարզապես կողքից հետևել, թե ինչպես են աստիճանաբար հետընթաց ապրում մեր համայնքները։
