ԼՃԱՇԵՆԻ ՏԱՐԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ՝ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 10-ին օծվեց Լճաշենի նորակառույց սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:

Տարիների սպասում, կիսատ մնացած շինարարություն, չմարող հավատ ու մի նպատակ, որը միավորել է լճաշենցիներին։ Լճաշենում վեր է խոյանում Սուրբ Մարիամ եկեղեցին՝ դառնալով գյուղի հավատքի, միասնության և նվիրումի խորհրդանիշը։

Լճաշենում սեփական աղոթքի տուն ունենալու երազանքը տարիների պատմություն ունի։ Մի վայր, որտեղ գյուղացիները կարող են հավաքվել աղոթքի շուրջ, մոմ վառել, աղոթել իրենց ընտանիքների, հարազատների ու հայրենիքի խաղաղության համար։

Եկեղեցու պատմությունը սկիզբ է առել 2013 թվականի օգոստոսին։ Լճաշենի համայնքապետարանի նախաձեռնությամբ դրվեցին Սուրբ Մարիամ եկեղեցու հիմքերը։ Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հիմնարկեքի արարողությունը։

Սակայն շինարարությունը կարճ ժամանակ անց ընդհատվեց։ Անցան տարիներ, փոխվեցին հանգամանքները, իսկ կիսատ մնացած եկեղեցին շարունակեց սպասել իր ավարտին։

Բայց լճաշենցիների երազանքը չմարեց։

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ մի շարք նվիրյալ ու սրտացավ համագյուղացիների հետ, շարունակեց հետամուտ լինել եկեղեցու կառուցման գաղափարին։ Քննարկվում էին տարբեր հնարավորություններ՝ այդ թվում նաև 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե խոնարհված եկեղեցու վերակառուցման հարցը։

Համավարակն ու պատերազմին հաջորդած դժվարությունները ժամանակավորապես կասեցրին նախաձեռնությունները։ Սակայն 2022 թվականի ամռանը որոշում կայացվեց վերադառնալ տարիներ առաջ սկսված գործին։

2022 թվականի օգոստոսի 10-ը դարձավ նոր մեկնարկի օր։

Շինարարները կրկին անցան աշխատանքի՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել լճաշենցիների վաղեմի երազանքը։ Լճաշենի բազալտից՝ գյուղի հող ու քարի ուժով, սկսեց վեր բարձրանալ ապագա եկեղեցին։

Եկեղեցու ճարտարապետը Արթուր Բեգլարյանն է, ընթացիկ աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել լճաշենցի վաստակաշատ ճարտարապետ Հայկ Թարփոշյանը, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են Սասուն Վարդանյանի ու իր նվիրյալ գործընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, իսկ Լճաշենի վարչական ղեկավար Վահան Մարգարյանի աշխատանքային օրն սկսվում էր Եկեղեցու շինհրապարակում և շարունակ անընդմեջ լինելով շինարարների կողքին։

Այսօր տարիների երազանքն արդեն տեսանելի իրականություն է։ Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի մեծ ներդրման շնորհիվ Սուրբ Մարիամ  եկեղեցին և հարակից մոմավառության սրահը գրեթե պատրաստ են և նախապատրաստական աշխատանքներից հետո նոյեմբերի 15-ին կկատարվի օծման և հանդիսավոր բացման արարողույթունը։

Իսկ ահա, 2026 թվականի հոկտեմբերի 10-ին Լճաշենում հնչեց երկար սպասված հոգևոր իրադարձության ավետիսը։ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը՝ աղոթակից ունենալով թեմի փոխառաջնորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանին, Գավառի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանին և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Տեր Նարեկ քահանա Այվազյանին։

Արարողությանը ներկա էին Լճաշենի բնակիչներն ու տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր։ Նրանց համար սա պարզապես եկեղեցու խաչերի ու զանգի օծման արարողություն չէր, այլ տարիների սպասման, հավատքի և համատեղ ջանքերի խորհրդանշական հանգրվան։

Եկեղեցու խաչերն օծվեցին, զանգը հնչեց, իսկ լճաշենցիների երազանքն արդեն շատ մոտ է ամբողջական իրականացմանը։

Առանձնահատուկ է այս պատմության մեջ բարերարի՝ Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի դերը։ Նրա նշանակալի ներդրումն ու աջակցությունը մեծապես նպաստել են եկեղեցու շինարարության առաջընթացին՝ տարիների երազանքն ավելի մոտեցնելով իրականություն դառնալուն։

Աշոտ Ավետիսյանի օրինակով ևս մեկ անգամ ընդգծվում է բարեգործության կարևոր խորհուրդը՝ երբ սեփական հաջողությունը վերածվում է հանրային արժեքի, իսկ անհատական նվիրումը՝ ամբողջ համայնքի հոգևոր հարստության։ Նրա աջակցությունը ոչ միայն նյութական ներդրում է եկեղեցու կառուցման գործում, այլև նպաստ է Լճաշենի հոգևոր կյանքի զարգացմանը, ազգային ու քրիստոնեական արժեքների պահպանմանն ու գալիք սերունդներին փոխանցմանը։

Երբ տարիներ անց Սուրբ Մարիամ եկեղեցու զանգերը հնչեն Լճաշենում, դրանք կավետեն ոչ միայն հավատքի ու աղոթքի տուն ունենալու երազանքի իրականացումը, այլև կհիշեցնեն այն մարդկանց մասին, որոնց սրտացավությունն ու նվիրումը նպաստեցին այս կարևոր գործի կյանքի կոչմանը։

Նոյեմբերին նախատեսվում է նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու ամբողջական օծումը։ Այդ օրը Լճաշենի պատմության մեջ կդառնա ևս մեկ հիշարժան էջ՝ ամփոփելով տարիների սպասումն ու բացելով հոգևոր կյանքի նոր փուլ։

Երբեմն մեծ երազանքներն իրականություն են դառնում տարիների համբերության, հավատքի և մարդկանց նվիրումի շնորհիվ։ Լճաշենի Սուրբ Մարիամ եկեղեցու պատմությունը հենց այդ մասին է՝ մի գյուղի, որի բնակիչները չհրաժարվեցին իրենց երազանքից, եկեղեցու նվիրյալ բարերար Աշոտ Ավետիսյանի անգնահատելի ու մեծածավալ ներդրումն ըստ արժանավյույն գնահատելով՝ համագյուղացիներն էլ հնարավորության սահմաններում համեստ նպաստը բերեցին Լճաշենում հավատիք տուն ունենալու Սուրբ գործին։

Նոյեմբերի 15-ը Լճաշենի տոնացույցում առանձնահատուկ տեղ ու դեր է ունենալու, քանզի այդ օրը եկեղեցու բարերար Աշոտ Ավետիսյանն ու նախաձեռնող խումբը ամենքիդ հրավիրում են ներկա գտնվելու Լճաշենի Սուրբ Մարիամ եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությանը։

Մոտ մեկ ամիս հետո կհնչի եկեղեցու զանգը՝ որպես հավատքի, միասնության և նոր սկզբի խորհրդանիշ։ Եվ կանոնավոր կերպով կիրականացվեն հոգևոր արարողություններ՝ ամենքին հրավիրելով աղոթակից լինելու Սուրբ Պատարագների ու Ժամերգությունների, Սուրբ պսակի ու Մկրտությունների ընթացքում։