ՍԵՎԱՆԸ՝ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՔԱՂԱՔ․ «ԵՐԱԶԱՆՔԻ» ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐԱՀԵՏՆ ԱՐԴԵՆ ԲԱՑ Է։

Սևան քաղաքում հոկտեմբերի 10-ին պաշտոնապես տեղի ունեցավ հեծանվային ուղու բացումը։

Բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և իհարկե հեծանվասեր պատանիներ։

Հեծանվասերների համար նշանավոր օրվա առթիվ և հեծանիվ վարելու մշակույթ ձևավորելու գործում Սևան համայնքում ներդրում ունենալու համար «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը հուշանվերներ հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանին, հեծանվային սպորտի մարզիչ Արմեն Երիցյանին և SevanVELOtime նախաձեռնության հեղինակ Հերմինե Անդրիկյանին։

«Երազանքի» հեծանվային արահետն արդեն պատրաստ է և կահավորված է նոր ցուցանակներով։ Դրանք ոչ միայն օգնում են հեծանվորդներին հեշտությամբ կողմնորոշվել և հետևել արահետի ուղղությանը, այլև պարունակում են կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ Սևանի մասին՝ դառնալով օգտակար ուղեցույց քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։Տեղադրված են նաև հատուկ հեծանվային կանգառներ։

Օրվա առթիվ կազմակերպված հեծանվարշավը սկսվեց «Երազանքի այգուց» և պարեկների ուղեկցությամբ հասավ մինչև «Երազանքի արահետ» ավարտվելով հաջողությամբ։

Հեծանվորդներն անցան 6 կմ ճանապարհ, հաղթահարեցինք վերելքներն ու վայելեցինք Սևանի հիասքանչ տեսարանները։ Բայց ամենակարևորը՝ ստեղծեցինք անմոռանալի հիշողություններ ու լիցքավորվեցինք դրական էներգիայով։

Այս նախաձեռնության նպատակն է հեծանվային մշակույթն ու հեծանվային տուրիզմը դարձնել կենսակերպ Սևանում և տարածաշրջանում՝ խթանելով ավելի ակտիվ, կանաչ և անվտանգ տեղաշարժը։

Այնպես որ, անկախ տարիքից յուրաքանչյուրը կարող է վարել հեծանիվ և դառնալ Սևանի հեծանվաղու հեծանվորդներից մեկը։

Ծրագիրն իրականացվել է «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ The Stirling Foundation-ի աջակցությամբ։ Ծրագրում իր ներդրումն է ունեցել Սևան համայնքը: