Սևանի մշակույթի պալատի դահլիճը՝ նոր շնչով և նոր հնարավորություններով։

Սեպտեմբերի 9-ին պաշտոնապես իր դռները բացեց Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի նորոգված դահլիճը՝ Սևանի բնակիչների համար դառնալով մշակութային, կրթական և համայնքային կյանքի ժամանակակից ու հարմարավետ հանրային տարածք։

Նորոգված դահլիճը նոր որակ կհաղորդի Սևան համայնքի մշակութային կյանքին՝ միաժամանակ դառնալով նոր գաղափարների, նախաձեռնությունների, հանդիպումների և միջոցառումների իրականացման հարթակ։

Վերանորոգումն իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» (GGLD) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է GIZ-ը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ, Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Բացման արարողությանը ներկա էին ծրագրի պատասխանատուներն ու գործընկերները, որոնց ընդունեց Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը։ Սևանը հյուրերին հյուրընկալեց ավանդական աղ ու հացով։

Միջոցառմանը մասնակցում էին՝

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը,
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը,
ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին,
GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնյա Կուրցը,
պաշտոնատար այլ անձինք և ծրագրի գործընկերներ։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին՝ Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը նշեց, որ իրականացվել է քաղաքացիակենտրոն նախաձեռնություն, որը նոր փուլի սկիզբ է։ Դրան կհաջորդեն նոր ծրագրեր ու գաղափարներ, մշակութային միջոցառումներ և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում կարևորեց GIZ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանց շնորհիվ համայնքները դառնում են ավելի հաշվետվողական, թափանցիկ և քաղաքացիներին մոտ։

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Սևան համայնքի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը Սևան համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրեր հանձնեց ծրագրի պատասխանատուներին և իրականացնողներին։

Իսկ միջոցառման հանդիսավոր հատվածը եզրափակվեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը պատրաստել էին Սևանի մշակույթի կենտրոնը, Սևանի երաժշտական դպրոցը և «Գամմա Բենդը»։