Սա պարզապես աշխատանք չէ։ Սա՝ կոչում է, պատասխանատվություն և նվիրում։ Սևան համայնքում նշվեց Փրկարարի օրը:

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է։

Այս առիթով ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ-ի և Սևանի ՀՓՋ-ի ծառայողները Սևանի համայնքապետարանի հարակից տարածքում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների սաներին ներկայացրին իրենց առօրյան ու մասնագիտության առանձնահատկությունները։

Երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու՝ հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաները, հատուկ տեխնիկան, փրկարարական գործիքներն ու հանդերձանքը։

Փրկարարները դպրոցահասակ երեխաների համար կազմակերպեցին արագ արձագանքման և առաջին օգնության թեմայով ուսուցողական դասընթաց, իսկ գործնական պարապմունքների ընթացքում երեխաները մոտիկից ծանոթացան փրկարարի կարևոր ու պատասխանատու մասնագիտությանը։

Փրկարարի օրվա կապակցությամբ փրկարարական ծառայության ոլորտում ունեցած զգալի ներդրման, անբասիր ու նվիրված աշխատանքի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ-ի և Սևանի ՀՓՋ-ի մի շարք ծառայողներ արժանացան Սևան համայնքի ղեկավարի շնորհակալագրերի։

Շնորհակալագրերը հանձնեց Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը։

Այս օրը ընտրվել է ի հիշատակ 1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծված արագ արձագանքման փրկարարական ջոկատի։

Փրկարարի մասնագիտության կարևորությունն ու նշանակությունը հատկապես ընդգծվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին, երբ փրկարարները հազարավոր կամավորների հետ միասին պայքարում էին մարդկային կյանքեր փրկելու համար։

Փրկարարի օրը պաշտոնապես սահմանվել է ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ։

Խիզախություն։ Դժվարին ու պատասխանատու ծառայություն։
Ամեն վայրկյան օգնության հասնելու պատրաստակամություն։ Սա պարզապես աշխատանք չէ…
Սա կյանքեր փրկելու կոչում է։

Շնորհավորում ենք բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անվտանգ ծառայություն, տոկունություն և անսպառ ուժ՝ շարունակելու իրենց կարևոր ու մարդասիրական առաքելությունը։