ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ խորհուրդ ունի: Այն նոր ճանապարհի , նոր նպատակների , գիտելիքի ու բացահայտումների սկիզբ է: Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ սկսելով իրենց կյանքի կարևոր ու հիշարժան փուլերից մեկը։

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, կրթությունը ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլև մտածելու, ստեղծագործելու, սեփական ուժերին հավատալու և ապագան կերտելու հնարավորություն է։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար լինի արդյունավետ, հետաքրքիր, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի։ Թող ձեր ստացած գիտելիքները դառնան ամուր հիմք՝ ձեր երազանքներն իրականացնելու և մեր հայրենիքի զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու համար։

Հարգելի՛ մանկավարժներ,

Ձեր առաքելությունը չափազանց կարևոր և պատասխանատու է։ Ձեր ամենօրյա նվիրումով, համբերությամբ ու մասնագիտական աշխատանքով կրթում և դաստիարակում եք մեր վաղվա օրը կերտող սերունդներին։ Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր անգնահատելի աշխատանքի և յուրաքանչյուր աշակերտի հաջողության մեջ ունեցած մեծ ավանդի համար։

Շնորհավորում եմ նաև ծնողներին, ովքեր մշտապես իրենց երեխաների կողքին են՝ աջակցելով նրանց կրթության ճանապարհին։

Թող 2026-2027 ուսումնական տարին լինի խաղաղ, բարեկեցիկ և արգասաբեր։ Թող այն նշանավորվի նոր գիտելիքներով, բարձր առաջադիմությամբ, կարևոր ձեռքբերումներով և իրականացած նպատակներով։