Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
Հարգարժան մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Հարգելի ծնողներ,
Ընդունեք սեպտեմբերմեկյան շնորհավորանքներս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:
2026-2027 ուսումնական տարին ազդարարում է նոր նպատակների, ձգտումների, ծրագրերի մեկնարկը:
Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները, իսկ կրթությունն անմիջական կրողն ու արձագանքողն է այդ պահանջների:
Այսօրվա հրամակայանն էլ հստակ է՝ կրթել գիտելիքով հարուստ, մրցունակ, արժանապատիվ սերունդ:
Լավ կրթությունը ձեր ապագայի երաշխավորն է, որն առավել քան կարևորվում է մեր ժամանակներում, երբ բանիմաց, գիտակ և պատրաստված անհատը հասարակության շարժիչ ուժն է, իսկ կրթությունն էլ արժանապատիվ հասարակություն ունենալու առաջնային գրավականն է:
Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որտեղ մեր աշակերտները շտապեն սիրով և մեծ սպասումներով, իսկ առկա բարեփոխումներն էլ նպաստելու են նոր սերնդի կրթադաստիարակչական գործի արդիականացմանը:
Բարեփոխումներին են միտված նաև նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցների ու մանկապարտեզների շենքերը, դրանց արդիականացումն ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կահավորումը:
Հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների պատերից ներս մենք պիտի սովորենք ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նաև դրանք դարձնել հմտություն և կարողություն, որի շնորհիվ հնարավոր կլինի գրանցել էական ձեռքբերումներ՝ առավել ներկայանալի դարձնելով մեր համայնքն ու երկիրը:
Հերթական ուսումնական տարում աշակերտների ու սովորողների առջև կրկին իրենց դռներն են բացել Սևան համայնքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցները, բազմագործառութային քոլեջը:
Ուզում եմ առանձնակի շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դնող իմ կրտսեր բարեկամներին, որոնց համար այս օրն ու պահն ունեն առանձնահատուկ նշանակություն:
Սիրելի առաջին դասարանցիներ,
Շնորհավորում եմ ձեզ փոքրիկ կյանքի մեծ տոնի առթիվ, մաղթում բարեհաջող մեկնարկ, ուսումնական անմոռաց ու բովանդակալից տարի:
Սիրելի աշակերտներ, յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ ձեզ համար նորի մեկնարկ է, թող այդ մեկնարկը լինի բարեհաջող, իսկ ուսումնառության ողջ տարին` լի ձեռքբերումներով ու հաջողություններով:
Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ուսանողներին: Շատերի համար այն հերթական ուսումնառության տարին է, մյուսների համար` կյանքի նոր շրջափուլի սկիզբ:
Հարգելի ուսանողներ
Պատվով կրեք ուսանող անունը, զինվեք գիտելիքների հարուստ պաշարով, որը ծառայեցնելու եք մեր պետության և համայնքի զարգացմանն ու առաջընթացին:
Հարգարժան մանկավարժներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Անկախ ձեր աշխատանքային կենսագրությունից ու փորձառությունից` յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ տարբերվող է ու անկրկնելի:
Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն, ուժ և եռանդ, համբերություն ու մասնագիտական նորանոր բարձունքներ:
Նոր ուսումնական տարին մեկնարկում է նաև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում և արտադպրոցական հաստատություններում:
Նախադպրոցական տարիքի երեխաներին մաղթում եմ խնամքի, դաստիարակության, կրթության լավագույն պայմաններ և հնարավորություններ, երեխաներին և պատանիներին` հագեցած առօրյա, դաստիարակներին ու դասատուներին` արդյունավետ ու լիարժեք աշխատանք:
Իմ կրտսեր ու պատանի բարեկամներ, սիրելի աշակերտներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:
Գիտելիքն ու խաղաղությունն անբաժան են, և միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում է հնարավոր ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, այդ գիտելիքները ծառայեցնել մեր երկրի բարօրության ու զարգացմանը:
Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
Հարգարժան մանկավարժներ, դաստիարակներ
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ և հագեցած ուսումնական տարի, նպատակասլաց գործունեություն, մասնագիտական և անձնական հաջողություններ, առողջություն և արևշատություն, բարի երթ ու բարի ընթացք 2026-2027 ուսումնական տարվա առթիվ:
