Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:
Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցով Սևան համայնքի ավագանին վավերացրեց Սևան համայնքի և Բալատոնալմադի քաղաքի միջև այս տարվա փետրվարի 26-ին ստորագրված «Քույր քաղաքների մասին հուշագիր»-ը:


Սևան համայնքը ապակենտրոնացված համագործակցության ոլորտում արձանագրել է էական հաջողություններ:
Սևան համայնքի և Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքի միջև այս տարվա փետրվարի 26-ին ստորագրվել է «Քույր քաղաքների մասին հուշագիր» Բալատոնալմադի քաղաքում: Սևան համայնքի կողմից հուշագիրը ստորագրել է Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը:
Փետրվարի 27-ին էլ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպել են Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյիին և ավագանու անդամներին:

Կողմերը քննարկել են ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Սևան համայնքն ու Բալատոնալմադի քաղաքը այսուհետ կհամագործակցեն
- Համայնքային ծառայությունների տրամադրման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակման և համագործակցության առումով,
- Անհատների և համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացման, այդ թվում՝ մշակութային, սպորտային-երիտասարդական, զբոսաշրջային և կրթական ոլորտներում,
- Գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոնների և այլ միջոցառուների կազմակերպման միջոցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տնտեսվարողների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ,
- Շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների կառավարման, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացման, էներգաարդյունավետության բարձրացման, կանաչապատ տարածքների ընդլայնման և պահպանության ոլորտներում,
- Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման՝ այդ թվում ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցերի բարելավման, քաղաքաշինության և ճարտարապետության, քաղաքային տրանսպորտի կառավարման և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ,
- Ոչ ֆորմալ կրթական և մշակութային հարթակների ստեղծման և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացման ուղղություններով:

Բալատոնալմադին հայտնի առողջարանային քաղաք է Հունգարիայի Վեսպրեմ կոմսությունում, 8500 բնակչությամբ, որը գտնվում է Բալատոն լճի հյուսիսային ափին։ Բալատոնալմադի քաղաքը Հունգարիայում հայտնի զբոսաշրջային վայր է՝ շնորհիվ իր գրավիչ աշխարհագրական դիրքի:
Առաջիկայում սպասվում են կոնկրետ ծրագրեր և նախաձեռնություններ Հուշագրում ամրագրված ոլորտների կյանքի կոչման ուղղությամբ, իսկ մինչ այդ Սևան համայնքի ավագանին մարտի 12-ի հետթական նիստում վավերացրեց «Քույր քաղաքների մասին հուշագիրը»:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորելով այս նոր ապակենտրոնացված համագործակցությունը, նշեց, որ այս իրողությունը որդեգրելով՝ Սևան և Բալատոնալմադի քաղաքների տեղական իշխանությունները բացում են ապակենտրոնացված համագործակցության մի նոր էջ, որը լինելու է իրադարձություններով և ծրագրերով հագեցած, արդյունավետ և խոստումնալից։ Սևանը Գրենոբլի հետ համագործակցում է 2004թ-ից, Չեխիայի Պրագա Վինոր քաղաքի հետ՝ 2016թ-ից, Իտալիայի Ավիլիանա քաղաքի հետ՝ 2016թ-ից, Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի հետ 2010թ-ից, այժմ սերտ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Սևանի և Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքների միջև:


Կառավարության որոշմամբ հաստատված 50 մարզային ամբուլատորիաներից մեկն էլ կկառուցվի Սևան համայնքի Վարսեր բնակավայրում՝ հաշվի առնելով բնակավայրի հասանելիությունը և մատչելիությունը: Այն կսպասարկի Սևան համայնքի Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին բնակավայրերի բնակչությանը: Հավաքագրված բնակչության թիվը՝ 6228, որից 0-մինչև 18 տարեկանների թիվտ՝ 1415, 18ից բարձ տարիքի անձանց թիվը՝ 4813: Նոր կառուցվող ամբուլատորիայի շենքի համար Սևան համայնքի ավագանին կատարեց հողհատկացում:
Ավագանին ուժը կորցրած ճանաչեց Սևան համայնքի ավագանու՝ 2023 թվականի ապրիլի 20-ին N 38-Լ որոշումը և հաստատեց Սևան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման նոր կարգ և ձև:
Ավագանին հաստատեց նաև Սևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բյուջետային համակարգի մասին» օրենքների:
Սևան համայնքի ավագանին նախնական համաձայնություն տվեց Սևան համայնքի Գեղամավան ու Ծաղկունք բնակավայրերի գոտևորման նախագծի փոփոխությանը հենասյուներ տեղադրելու համար:
Գերմանական միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակը (GIZ) Տեղական զարգացման հիմնադրամի հետ մեկտեղ ՀՀ-ում իրականացնում են 4 բաղադրիչներով կազմված ծրագիր:
Առաջին բաղադրիչով՝ Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն ծրագրի շրջանակներում նախատեվում է առնվազն երկու փողոցների լուսատուների փոխարինում ժամանակակից լեդ լամպերով՝ օգտագործելով արևային էներգիան՝ շուրջ 30 միլիոն դրամի ներդրում:

Առանձին ծրագրերով Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի բեմի վերանորոգման, կահավորման և տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաև Սևանում 6-ից 7 խաղարանների ձեռքբերման համար նախատեսվում է շուրջ 60 միլիոն դրամի ներդրում:
Սևան համայնքի ավագանին համաձայնություն տվեց այդ ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով Սևան համայնքի կողմից 20 տոկոս համաֆինանսավորմանը:

Ավագանու նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի ավագանուն հասցեագրված այլ դիմումներ ևս, որոնք ստացան սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ:
Համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին: