«Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրով ներառված Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս փողոցներում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածներից առավել հեռու, տասնամյակներ շարունակ չեն իրականացվել ասֆալտապատման աշխատանքներ:
2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրով հերթը հասավ նաև «հեռավոր» փողոցներին, որոնք օրեցօր ստանում են բարեկարգ և ներկայանալի տեսք:
Բնակիչների համար իրականություն է դառնում անվտանգ, հարմարավետ և ժամանակակից ճանապարհ ունենալու ակնկալիքը։
660 գծմ տարածք ընդգրկող փողոցներում այս օրերին ընթանում են ենթածրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների տարբեր փուլերը:
Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53 572 700 ՀՀ դրամ, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար՝ 66 592 620 ՀՀ դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար՝ 111 312 680 ՀՀ դրամ՝ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
Արդյունքում ևս երեք փողոց կդառնա ներկայանալի, համրարավետ ու անվտանգ՝ լրացնելով ճանապարհաշինական ենթածրագրերի շարքը:
Հիշեցնենք, որ ճանապարհաշինական այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել են Սևան քաղաքի Խաղաղության, Բաբաջանյան և Կոմիտաս փողոցները:
