Մեկնարկել է «Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգումը:

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում:

Կապալառուկազմակերպությունը «ՀՅՈՒՐ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ» ՍՊԸ-ն է։

Պայմանագրային արժեքը՝ 269 280 000 դրամ։

Մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրն օրակարգային էր, որի լուծումը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել շենքային պայմանները, ավելացնել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը՝ ապահովելով նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը:

Նախատեսված են քանդման, նորոգման, տանիքի նորոգման, շինության ներքին հարդարման և արտաքին նորոգման, տարածքի բարեկարգման, մոտեցող ճանապարհի ասֆալտապատման և անհրաժեշտ այլ աշխատանքներ։

Զուգահեռ, արդեն մի քանի ամիս Սևանի թիվ 3 «Հեքիաթ» և Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզների շենքերը ևս վերածվել են շինհրապարակների, որոնք դարձյալ ներառված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման ցանկում:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրերը լրացնում է Սևան համայնքի կողմից մանկապարտեզների բակային հատվածների բարեկարգման ու կահավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Ամիսներ անց Սևան համայնքի երեք մանկապարտեզի դռները կրկին կվերաբացվեն երեխաների առջև, որտեղ նրանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում կստանան նախադպրոցական կրթություն:

Հիշեցնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում նախատեսված է մանկապարտեզի նոր շենքի կառուցում: