Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Այն վարեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ներկայացված օրակարգային հարցերը հաստատելուց հետո դրանք ներկայացվեցին քննարկման:

Առաջին հարցով GIZ-ի կողմից իրականացվող, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակում «Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգում եվ վերազինում» ենթածրագրի շրջանակներում Սևան համայնքի կողմից ձեռքբերված գույքը, տեխնիկական միջոցները և սարքավորումները  փոխանցվեց «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ։ Համայնքային մշակութային կենտրոնի դահլիճի վերանորոգման և տեխնիկապես վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն և դահլիճը այսուհետ հավուր պատշաճի կծառայի համայնքի բնակիչներին համերգային, մշակութային միջացառումներ կազմակերպելու համար։

Ի գիտություն Սևան համայնքի բնակիչների, նշենք, որ Սևան համայնքում շուրջ մեկ ու կես տարի է, ինչ օտարելու նպատակով հողերի աճուրդ-վաճառք տեղի չի ունեցել։ 

Եթե նախկինում աճուրդի մեկնարկային գին էր սահմանվում բնակավայրերի տարածքում մոտարկված կադաստրային արժեքը, ապա, հողային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, համայնքը օտարվող հողի աճուրդային մեկնարկային գին պետք է սահմանի լիցենզավորված կազմակերպության կողմից սահմանված գնով։

Սևան համայնքի ավագանին հաջորդ հարցով համայնքային սեփականություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության և Սևան համայնքի վարչական սահմաններում՝ Ծաղկունք բնակավայրում գտնվող որոշ հողատարածքներ, որոնք դեռևս  2001թ-ին կառավարության որոշմամբ անհատույց տրամադրվել էին տնտեսվարողի, սակայն փոստաթղթային գործընթացը կիսատ էր մնացել։ Ավագանու կողմից վերոնշյալ որոշումն ընդունվեց հետագա փաստաթղթավորման գործողություններն ավարտին հասցնելու նպատակով։

Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին որոշումներ կայացրեց Սեմյոնովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու,  Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները սահմանելու մասին, ինչպես նաև հաստատեց Սևան համայնքի կողմից 2026 թվականի մայիս ամսին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը: Սևան համայնքի ավագանու որոշմամբ «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի նախամուտքում  կփակցվի անվանի կոմպոզիտոր, Սևանի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն աշխատած Վալերի Սարգսյանի հարթաքանդակը։

Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում թաղամաս անվանակոչվեց «Նոր Թաղամաս», իսկ Սևանում՝ «Աղթամար» թաղամաս։

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին, ինչը համարվում է աղբահանության մասով առկա գլխավոր խնդիր։

 Ֆիզիկական, իրավաբանական անձինք, տնտեսվարող սուբյեկտներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն ժամանակին և ամբողջապես, որն էլ համայնքի ներկայանալի, մաքուր տեսքի երաշխիքներից է:

Համայնքի ղեկավարը միաժամանակ նշեց, որ, պայմանավորված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներով, աղբահանության վարձավճարների բարձրացում ընթացիկ տարում ևս չի կատարվել, սակայն բնակիչներն էլ պետք է ցուցաբերեն պատասխանատու վերաբերմունք և ժամանակին վճարեն աղբահանության դիմաց գանձվող վճարները:

Նիստի վերջում ներկայացվեցին և քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Այսպիսով Սևան համայնքի ավագանին ավարտեց աշխատանքային հերթական 9-րդ նստաշրջանը։

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբեր ամսին։