Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեր կյանքի կարևորագույն իրադարձության՝ Վերջին զանգի առթիվ, որն ազդարարում է հասուն կյանքի սկիզբը:
«Վերջին դաս» ու «Վերջին զանգ» ավանդական դարձած հանդիսությունները 2026 թվականի մայիսի 22-րդ օրը, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սևան համայնքի հանրակրթական հաստատություններում մի հարկի տակ են համախմբել շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին, մեծ ու փոքրին:
Սիրելի պատանիներ և աղջիկներ
Այսօրը մեկտեղել է հուզմունքն ու հիշողությունները, լավագույն ցանկություններն ու բարեմաղթանքները, հրաժեշտի ու «մնաս բարով»-ի խոսքերը:
Օրը ձերն է, որը միավորել է դաս ու դասարանի, ընկերության, մանկության ու պատանեկության անկրկնելի տարիներն ու զգացողությունները:
Հետևում են մնացել թողել ձեր կյանքի հետաքրքիր, զգացմունքային, իրադարձություններով հարուստ տարիները և ոտք եք դնում ձեր կյանքի մի նոր շրջափուլ:
Համոզված եմ, որ ուսումնառության ընթացքում կուտակած գիտելիքները ձեզ օգնելու են կողմոնորշվել և վստահորեն առաջ գնալ ձեր երազանքներին՝ անկախ դժվարություններից ու մարտահրավերներից:
Գնահատեք այն, ինչ ունեք, ինչը ձեռք եք բերել ձեր հարազատ կրթօջախում՝ երազանքը դարձնելով նպատակ, իսկ նպատակը՝ հնարավորություն:
Մեր պետությունն ու համայնքը մեծ հույսեր են կապվում ձեզ հետ, ձեզ մեծ կյանք են ճանապարհում՝ բազմաթիվ ակնկալիքներով, ու վստահ ենք, որ մեր ապագան ձեր շնորհիվ ու ձեր միջոցով լինելու է լուսավոր ու կայուն:
Սիրելի շրջանավարտներ
Դուք դառնալու եք մեր երկրի զարգացման ու առաջընթացի երաշխավորն ու կերտողը: Կյանքում ինչ էլ որ անեք, արեք սիրով ու նվիրումով, պարտքի մեծ զգացումով և պատասխանատվությամբ։
Ձեզանից շատերը շուտով կհամալրեն նաև Հայոց բանակի շարքերը: Ցանկանում եմ, որ պատվով կրեք նաև հայրենիքի պաշտպան դառնալու կոչումը և լինեք խաղաղ օրերի զինվոր:
«Վերջին դաս»-ի առթիվ սիրով շնորհավորում և դիմում եմ Սևան համայնքի հիմնական դպրոցներն ավարտող իններորդցիներին, որոնց համար ազդարարվում է մի նոր մեկնարկի սկիզբ: Ցանկանում եմ, որ այդ մեկնարկը լինի գիտելիքաառատ, իմաստավորված և խաղաղ պայմաններում:
Սիրով ու ակնածանքով ցանկանում եմ առանձնահատուկ դիմել մեր ուսուցիչներին, կրթության նվիրյալներին։
Հարգարժան մանկավարժներ,
Դուք հպարտացել ու ոգևորվել եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով, դարձել նրանց առաջին խորհրդատուն ու ընկերը, անցել նրանց հետ երկար ճանապարհ, այդ ճանապարհին ներդրել եք ձեր ուժն ու եռանդը ու այսուհետ էլ հպարտանալու եք ձեր սաների գրանցած հաջողություններով և ձեռքբերումներով:
Հարգելի ծնողներ,
Կիսում եմ նաև ձեր հուզմունքն ու հպարտությունը, միանում ձեր զավակներին ուղղված բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին:
Սիրելի շրջանավարտներ.
Առջևում քննություններն են` ձեր հասունության և իմացության փորձաշրջանը: Ես հավատում եմ, որ տերը կլինեք ձեր երազանքների ու դրանք կյանքի կկոչեք` դառնալով մեր համայնքի և մեր պետության արժանի քաղաքացիները:
Թող ձեր նորամուտը բարի լինի մեծ կյանք, որտեղ յուրաքանչյուրդ ամրագրելու եք ձեր տեղը ձեր գիտելիքների, իմացության, հաստատակամության և նպատակասլացության շնորհիվ: Ապագան ձերն է, այն ստեղծվելու է ձեր միջոցով ու ձեր շնորհիվ:
Իմ երիտասարդ բարեկամներ,
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ ձեզ, մաղթում բարձունքներ նվաճելու անսպառ եռանդ, կամք, նպատակասլացություն և վճռականություն, երջանկություն և անսպառ բարիք: «Վերջին դաս»-ի խորհուրդ-զանգ էլ թող ազդարարի լայնահուն ճանապարհի սկիզբը:
Սիրելի շրջանավարտներ,
Ողջունում եմ ձեր նորամուտը մեծ կյանք, մաղթում բարի երթ
Ցանկանում եմ ձեզ լուսավոր ապագա, հաջողություն ուսումնառության և աշխատանքային հետագա տարիների ընթացքում, ապրեք երիտասարդությանը հատուկ խանդավառությամբ` լի երազանքներով ու նպատակներով, զինվեք գիտելիքներով ու դարձեք մեր պետության ու երկրի արժանի քաղաքացիները:
