Պարզեցվել է հայտարարագրման համակարգը։ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները հերթական իրազեկման հանդիպում անցկացրեցին  Սևան քաղաքի բիզնես կենտրոնում։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։

Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը ՀՀ տարբեր մարզերում կազմակերպում է իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։

Ապրիլի 14-ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց  Սևան քաղաքի բիզնես կենտրոնում։

Իրազեկման հանդիպման ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Գոհար Արաբաջյանը և ՊԵԿ Սևանի թիվ 17 սպասարկման բաժնի պետ Վարդուհի Հովհաննիսյանը ներկայացրեցին իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը։

Իրազեկման հանդիպման ընթացքում, բացի հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվությունից, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները, ՊԵԿ լիազորությունների շրջանակներում,  անդրադարձան նաև առողջության համընդհանուր ապահովագրության մասին հարցերին։

Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։