Մեկնարկել են Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման աշխատանքները:

Այս օրերին ընթանում են դահլիճի բեմի հատակի վերանորոգման աշխատանքներ։

Այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` GIZ-ի կողմից, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը շուրջ 41.8 միլիոնդրամ է։  Արդյունքում Սևանի մշակույթի կենտրոնը կունենա նոր բեմով ու վարագույրներով, նոր ու ժամանակակից լուսավորությամբ , նոր նստարաններով ու տեխնիկական միջոցներով հագեցած դահլիճ։

GIZ-ը համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ՝ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։

Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները, ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների, մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը՝ իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար: Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքներն օգնել են և նպաստել տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին՝ ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը և տեղական ծառայությունների որակի բարելավմանը։

Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն կհաղորդի Սևան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու ակտիվացմանը: