Սևանի ԲԿ–ն համալրվել է նոր համակարգչային շերտագրման սարքով։ Փետրվարի 16-ին Սևանի բժշկական կենտրոնում բացվեց համակարգչային շերտագրման նոր կաբինետը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, ԲԿ-ի տնօրեն Արամ Նիկողոսյանը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Համակարգչային շերտագրման նոր սարքը ձեռք է բերվել ՀՀ կառավարոթյան միջոցներով և Առողջապահության նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի» շրջանակներում։ Լիովին նոր ու ժամանակաից համակարգչային շերտագրման սարքն արդեն բժշկական կենտրոնում է և պատրաստ է սպասարկելու տարածաշրջանի բնակիչներին։

Միայն ճշգրիտ ախտորոշումներով է պայմանավորված արդյունավետ բուժման ընթացքը։ Համակարգչային շերտագրման կաբինետի գործարկմամբ Սևանի բժշկական կենտրոնը հնարավորություն կունենա համայնքի բնակիչներին մատուցելու որակյալ ծառայություն՝ տեղում իրականացնելով ճշգրիտ հետազոտություն, ախտորոշում և բուժում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց կատարեց բուժ կենտրոնի բաժանմունքներում, զրուցեց բուժ անձնակազմի և բուժառուների հետ։

Մարզի ղեկավարը և նախարարն այցելեցին նաև Սևանի բժշկական կենտրոնին կից ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապ օգնության ծառայության» Գեղարքունիքի նորաբաց մարզային կայան, որը վերջերս է վերանորոգվել և համալրվել նոր ռեանիմոբիլով։ Շտապ օգնության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2026 թվականի հունվարից «Հանրապետական շտապօգնության ծառայության» Գեղարքունիքի մարզային կայանը, որն ընդգրկում է Սևան, Գավառ, Մարտունի ենթակայանները, գործում է կառավարման միասնական մոդելի ներքո։ «Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրեց կատարված աշխատանքները։

Ներկաները ծանոթացան շտապ օգնության մարզային կայանի աշխատանքներին, պայմաններին ու հագեցվածությանը, միաժամանակ զրուցեցին բուժ անձնակազմի հետ, ծանոթացան նաև նոր ռեանիմոբիլին։
Մարզային բուժհաստատությունների վերազինման և բուժսպասարկման որակը բարձրացնելու նպատակով մարզում իրականացվել և շարունակում են իրականացվել լայնածավալ աշխատանքներ,–նշեց մարզպետ Սարգսյանը։
Սևանի ԲԿ–ի նոր համակարգչային շերտագրման սարքը հնարավորություն կտա Սևանի, ինչպես նաև Ճամբարակի տարածաշրջանների բնակիչներին անցնել ճշգրիտ հետազոտություններ առանց մայրաքաղաքի բուժհաստատություններ այցելելու։
