Դեկտեմբերի 25-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքի մերձակա հրապարակը մարդաշատ էր և աշխույժ, տիրում էր նախատոնական տրամադրություն:

Սևան համայնքի բնակիչները՝ մեծ ու փոքր, անհամբերությամբ էին սպասում Ամանորի գլխավոր զարդի՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը:

Մինչ տոնածառի լույսերի վառվելը, բեմը տրամադրվել էր շնորհաշատ երեխաներին, որոնք իրենց կատարումներով տոնական շունչ հաղորդեցին օրվան:

Փոքրիկների տոնը կատարյալ դարձնելու համար հյուր եկան մուլտհերոսները:

Ինքնատիպ էր Ձմեռ պապի այցը, որն իր աշխույժ պարով ու բարեմաղթանքներով շուրջբոլորը տարածեց ուրախություն ու տոնական տրամադրություն, որը լրացվեց Ձյունանուշի ներկայությամբ:

Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ:

Տոնական օրը շարունակվեց երգ ու պարով, ելույթ ունեցան Սևանի մշակութային կենտրոնի սաները, միմյանց հաջորդեցին բարեմաղթանք-շնորհավորանքները:

Գլխավոր տոնածառը՝ Ամանորի խորհրդանիշը, իր լույսերով ազդարարեց տոնական օրերի մեկնարկը Սևանում` պարգևելով հաճելի տրամադրություն, ուրախ ժամանց:
Սևանի Վլ. Կարապետյանի անվան հրապարակի հարակից տարածքում՝ Իտալիայի այգում, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ զարդարվել է տոնածառն ինքնատիպ խաղալիքներով ու զարդարանքներով:

Սևան քաղաքում և բնակավայրերում ամանորյա տոնական շունչն ամենուր է՝ տոնածառների զարդարումից մինչև քաղաքի ու բնակավայրերի արտաքին զարդարում:
Սևանի համայնքապետարանը հոգացել է, որպեսզի Սևան համայնքի բնակիչներն ու հյուրերը վայելեն տոնական օրերը հաճելի, լույսերով ողողված միջավայրում:
