Սևան համայնքը մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով միացել է Մեդիագրագիտության շաբաթվան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարել է Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով միացել է Մեդիագրագիտության շաբաթվան:

Շաբաթվա մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարատեզ» ՀՈԱԿ-ում:

Մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Անի Սաքեյանն անցկացրեց պարապմունք՝ «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով, որի ընթացքում շարժախաղերի միջոցով երեխաները տեղափոխվեցին Տիեզերք՝ տեղում ծանոթանալու տիեզերական աշխարհին: Պարապմունքի ընթացքում սահուն անցում կատարվեց մեդիագրագիտությանը՝ որն է իրական, որն է հեքիաթային բաղադրիչներով:

Այս «շրջագայությանը» հաջորդեց համակարգիչների միջոցով երեխաների պատկերացրած մոլորակների ստեղծումը:

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվեցին միջոցառումներն ու նախաձեռնությունները։

Նոյեմբերի 13–ին «Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացավ «Այս բազմազան աշխարհը» խորագրով պարապմունք-քննարկում մանկապարտեզի սաների հետ։ Հոգեբան Հեղինե Միրզոյանն ուսուցանող հեքիաթի և պատկերաշարի միջոցով երեխաներին ներկայացրեց համացանցի դրական և բացասական կողմերը, հեռախոսից, համակարգչից օգտվելու առանձնահատկությունները։

Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները քննարկեցին համացանցային «հերոսներին» և իրական աշխարհի բազմազանությունը։

Զովաբեր բնակավայրում գործող «Վերելք» զարգացման կենտրոնում երեխաները մասնակցեցին «Մեդիագրագիտությունը փոքրիկների աշխարհում» թեմայով քննարկմանը և ֆիլմի դիտմանը:

Երեխաները հետաքրքրությամբ ծանոթացան տարբեր մեդիագործիքներին՝ քննարկելով դրանց նշանակությունը և կարևորությունը առօրյայում։

Զրույց-քննարկման ընթացքում գիտելիքներ փոխանցվեցին ապատեղեկատվության մասին. ինչպես տարբերակել ճիշտ և սխալ տեղեկությունները։ Երեխաները կիսվեցին իրենց դիտարկումներով և ճիշտ տեղեկատվությունը ճանաչելու նպատակով մասնակցեցին խաղ-վարժություններին։

Քննարկումն ամփոփվեց ֆիլմի դիտմամբ՝ որի միջոցով երեխաները վերանայեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները։

 «Սևան համայնքի Գագարին մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում փոքրիկները մասնակից դարձան «Լուսանկարները պատմում են» խորագրով զրույց-պարապմունքի: Դաստիարակչուհի Գայանե Բադալյանի սաները լուսանկարների և նկարների միջոցով տարբերակեցին ճիշտ և սխալ տեղեկատվությունը, ձեռք բերեցին դրանք տարբերակելու հմտություններ:

Նոյեմբերի 14-ին «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր «Մեդիան և ես» թեմայով պարապմունք:

«Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում փոքրիկները մասնակցեցին «Համակարգչային խաղերը և երեխաները» թեմայով զրույց պարապմունքին:

«Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Առցանց կենդանաբանական այգի» գործնական աշխատանք, ինտերակտիվ բեմականացում՝ երեխաների և դաստիարակների մասնակցությամբ:

«Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել է «Ես եմ մեդիան» խորագրով պարապմունք:

Սևան համայնքում Մեդիագրագիտության շաբաթվան նվիրված միջոցառումներին  ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատուները:

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրի վրա։