ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի գրադարանավարներ,

Գրադարանային համակարգի ներկայացուցիչներ

Ընդունեք ջերմագին բարեմաղթանքներս և շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:

Արդեն 11 տարի հոկտեմբերի 7-ին նշում ենք Գրադարանավարի օրը՝  կարևորելով և արժևորելով գրադարանավարի աշխատանքը:  

Գրքասերները լավ կիմանան գրքի պահապանների դերը: Գրադարանները եղել են մեր մանկության ուղեկիցները, մեր պատանեկության ու հասուն կյանքի բարեկամը, որտեղ միշտ սպասում են սիրով, պատրաստ են ևս մեկ գրքի շնորհիվ հարստացնելու մեզ:

Ժամանակի ընթացքում փոխվել են շատ պահանջներ, գրադարանավարի գործի նկատմամբ էլ մեր մոտեցումները կրել են էական փոփոխություններ, սակայն գիրք ընթերցելու մշակույթը չի կորցրել իր գրավչությունն ու արժեքը:

Կրթամշակութային գործընթացներում անփոխարինելի է եղել և մնում գրադարանավրի դերը, որն իր աշխատանքով գրքի զինանոցը պահում է ամուր և պահանջված:

Այսօրվա գրադարաններն էլ ոչ միայն գրքի տուն ու պահոց են, այլ առաջին հերթին կրթական կենտրոններ, մշակութային ինքնատիպ միջավայր ձևավորող հարթակ:

Սևան համայնքում գործող գրադարանները կատարել և կատարում են իրենց առաքելությունը, և հենց գրադարանավարների   նվիրումի շնորհիվ է գրադարանը պահպանել  իր լավագույն ավանդույթները:

Սևան համայնքում իրենց գործի գիտակ, փորձառու մասնագետների պակաս չկա, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ  գրադարանավարի մասնագիտությունը դարձրել են հարգանքի ու ակնածանքի արժանի:   

Սիրելի գրադարանավարներ

Դուք գրադարանային գործի լավագույն ավանդույթների պահպանողն ու փոխարինողն եք, ձեզանից շատերն իրենց կյանքի զգալի մասը նվիրել են գրադարանային գործին`  կատարելով իրենց պատվաբեր առաքելությունը, փոխանցելով ընթերցողներին ամենակարևորը` սերը գրքի նկատմամբ:

Այսօր Սևան համայնքի գրադարանավարների գործունեությունը միավորվել է «Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»      ՀՈԱԿ-ի շրջանակներում, որտեղ բանիմաց մասնագետների ու նվիրյալների պակաս չկա:  

Մեր բարդ ժամանակներում, երբ պարտադրված ենք դիմակայելու մի շարք մարտահրավերների, կարծում եմ, որ գիրքն ու գրականությունը պետք օգնեն և ուղղորդեն, որպեսզի մենք չկորցնենք հայրենապահպանման ու աշխարհաճանաչման իմացությունը:

Հարգարժան գրադարանավարներ

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր նվիրյալ աշխատանքի համար: Առանձնակի շնորհակալություն ոլորտի վետերաններին, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ Սևան համայնքում գործող գրադարանները չփակեցին իրենց դռները ընթերցողների առաջ, մնացին սպասված ու հարազատ վայր տարբեր տարիքի գրքասերների համար:

Հարգելի գրադարանավարներ, գրադարանային գործի նվիրյալներ

Ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու  շնորհավորանք-բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բարեկեցություն և առողջություն, լավատեսություն և երկարակեցություն, խաղաղ երկնքի տակ ապրելու և անվտանգ, ապահով ու արժանապատիվ  պայմաններում աշխատելու հնարավորություն: