Մասնակցային բյուջետավորում — 2025․ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Նախօրեին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում:

Դդմաշեն բնակավայրի բնակիչների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած գաղափարը դարձել է ծրագիր, որի արդյունքում դդմաշենցի փոքրիկները շուտով կունենան նոր խաղահրապարակ:

Նոր խաղահրապարակի կառուցման շինհրապարակ էին այցելել Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը՝ դիտարկելու մեկնարկած աշխատանքները:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման համար Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայումս իրականացվում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը 5 մլն.220 հազ. դրամ է:

Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։